Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում․ ՀՀ նախագահի ուղերձը

Հեղինակ MediaLab

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։

1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը:

Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում։ Մեր ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները և իր արժանի տեղը գրավելու ժամանակակից ազգերի ընտանիքում։

Սա մեր իղձերի իրականացման և հնարավորությունների իրացման իսկապես պատմական ժամանակաշրջան էր, որի կարևորությունը շատ լավ էինք գիտակցում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

Անկախության հռչակումը դարձավ այն արագացուցիչը, որի միջոցով Արցախում մարմին առավ ինքնիշխան պետականությունը։

Այսօր՝ 29 տարի անց, Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է՝ շնորհիվ այն պայքարի, որը մղվում է համահայկական ուժերով, շնորհիվ այն հաղթանակի, որը կերտվեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միասնությամբ, շնորհիվ այն կամքի, որն առաջնորդում է արցախցիներին և այսօր էլ նրանց հաջողությունների գրավականն է։

Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոս նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անկախ ու ազատ Արցախի, երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց առողջությունը և բարեկեցությունը նվիրաբերեցին այդ նպատակին։

Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնության առանցքը։ Որպես ժողովուրդ՝ հայերիս համար յուրաքանչյուր ձեռքբերում Արցախում մի քար է մեծ հայկական աշխարհի վերականգնվող պատին։ Ուստի մեր միտքն ու ջանքը, մեր գործն ու խոհը պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելուն, մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն։

Այս գիտակցումը պետք է բարձրագույնը լինի յուրաքանչյուրիս մեջ, որովհետև Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։

Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն: