Արա Պապյան. Բաց նամակ նորին արքայական վսեմություն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջին, Ուելսի արքայազն

Արա Պապյան. Բաց նամակ նորին արքայական վսեմություն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջին, Ուելսի արքայազն
Արա Պապյան. Բաց նամակ նորին արքայական վսեմություն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջին, Ուելսի արքայազն

Ձերդ վսեմություն,
Անվիճելի իրողություն է, որ արքաների ու արքայազների կյանքը լեցուն է պարտականություններով: Սեփական երկրի հպատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելը, վստահաբար, այդ պարտականություններից ամենաարժանավորներից է: Ըստ այդմ, Ձեր և արքայազն Հարրիի՝ ս.թ. ապրիլի 24-25-ին նախատեսված այցը Ստամբուլ և մասնակացությունը Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի առիթով այդ ճակատամարտի գրեթե 35 հազար բիտանահպատակ զոհերի հիշատակի արարողությանը՝ միանգամայն հասկանալի է: Սակայն հարցն այդքան էլ պարզունակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: 

Գալիպոլիի, կամ թուրքական տարբերակով՝ Չանաքկալեի ռազմական գործողությունները սկսվել են 1915թ. մարտի 18-ին: Հետևաբար, Թուրքիայում իրավացիորեն այն ավանդաբար ոգեկոչվել է մարտի 18-ին: Արդյո՞ք չեք մտածել, ինչու հենց այս տարի թուրքերն այն նշում են ապրիլի 24-ին: Չէ՞ որ ապրիլի 24-ին ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել Գալիպոլիի ճակատամարտում: Եթե հիշատակումի օրացույցի այս փոփոխությունն այն պատճառով է, որ թուրքերը կարևորում են բրիտանա-ֆրանսիական զորքերի ափհանման փորձը (թեև հասկանալի չէ, ինչո՞ւ պիտի թուրքերը դա կարևորեն), ապա դա տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Թուրքական իշխանությունների կողմից տոնացույցի այս փոփոխությունը (Չանաքկալեի տոնակատարության նշումը ավանդաբար մարտի 18-ի փոխարեն ապրիլի 24-ին) ունի զուտ մի նպատակ՝ ստվերել, եթե կուզեք, մինչև իսկ ծանակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մշտապես, առանց բացառության, նշվել և նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին: 
Ձերդ վսեմություն,
Կատարելով նման օրացուցային փոփոխություն` թուրքական իշխանությունները Ձեզ որպես գործիք են օգտագործում իրենց քարոզչական կեղտոտ խաղի մեջ: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլև կանարգեք նրանց և անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի՝ Ջորջ V-ի հիշատակի վրա: Չէ որ օսմանյան լծից հայ ժողովրդի ազատագրումը եղել է Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու Բրիտանական կայսրության՝ նրա միապետի ու կառավարության, հիմնական պատճառներից և պաշտոնապես հայտարարված նպատակներից մեկը: Բրիտանական կայսրությունն այն ժամանակ ձախողեց իր առաքելության իրականացումը, որի համար իմ ժողովուրդը վճարեց իր միլիոնավոր անմեղ զավակների արյունով: Գոնե հիմա մի պղծեք նաև հայերի ազատության համար զոհված Ձեր զինվորների ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արքաների ժառանգներին վայել չէ ստատիստի դերը ուրիշի խաղի մեջ: 
Ի դեպ, Ջորջ V-ի կառավարությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, հենց Գալիպոլիի ռազմական գործողությունների ընթացքում և թերևս նաև ափհանման ձախողման հետևանքով սկսված հայերի ջարդերի մեջ սեփական մեղավորության գիտակցումով, 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարության մեջ խոստացել էր անձնական պատասխանատվության ենթարկել հայերի ջարդերի պատասխանատուներին: Սակայն, ցավոք սրտի, ոչ Ձեր երկիրը, ոչ էլ Ռուսաստանն ու Ֆրանսիան չհարգեցին իրենց խոսքը: Այդուհանդերձ, պիտի նշեմ, որ իմ հայրենիքի արժանի զավակները գետնով չտվեցին վերոհիշյալ երեք մեծ տերությունների խոստումը, և Հայոց ցեղասպանության մեղավորների զգալի մասը ստացավ իր արժանի մահապատիժը: 
Ձերդ վսեմություն,
Դուք և արքայազն Հարրին Ստամբուլ եք մեկնում մասնակցելու ԱՆԶԱԿ-ի (Australian and New Zealand Army Corps) հիշատակի օրվան (Anzac Day Commemoration), որը մշտապես նշվել է ապրիլի 25-ին: Ընդունում եմ, որ Ձեր պարտքն է բրիտանական հպատակներին հիշելը: Բայց Դուք էլ պիտի ընդունեք, որ նաև պարտք ունեք Բրիտանական կայսրության քաղաքականության զոհերի՝ հայերի հանդեպ: Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայրենիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը: Եթե Դուք Ստամբուլում պիտի մասնակցեք ապրիլի 25-ի լուսաբացի հիշատակի արարողությանը, ապա Ձեր պարտքն է դրան նախորդ օրը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

Իմիջիայլոց, Երևանից Ստամբուլ թռիչքը, հաշվի առնելով երկժամյա տարբերությունը նշյալ քաղաքների միջև, Ձեզանից կպահանջի ընդամենը 3 ժամ 40 րոպե:

Արա Պապյան

Երևան, 14 ապրիլի, 2015թ.