Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին 6.4 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 19.1 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին նվազումը կազմել է 11.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.8 տոկոսով:
2020 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.9 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 187 հազար 61 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 10.2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.4 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-օգոստոսին եղել է 483.90: