ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:

Պաշտպանի գրություններում շեշտվել է` դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս հարցերում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության իր մանդատը և հիմնվելով կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։