Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին օգտագործում է՝ մշտապես ուղղորդելով առաջնագիծ. Հովհաննիսյան

Հայկական կողմի համար նորություն չէ, որ Ադրբեջանը մշտապես օգտագործել է իր ազգային փոքրամասնություններին՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, մշտապես ուղղորդելով առաջնագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում անդրադառնալով լրագրողի հարցին:

«Նորություն չէ: Լավ գիտենք, որ թալիշներին, լեզգիներին, ավարներին, բազում այլ փոքրամասնություններին Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այսինքն՝ շատ դեպքերում փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ, և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշերեց, որ հայկական կողմն այս հարցը բարձրացրել է: «Եվ մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ պատմական ճշմարտությունը ցույց ենք տվել, ապացուցել ենք Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունն այս հարցում»,- նշեց Հովհաննիսյանը: