Հանրային խորհուրդը պլանավորում է ակտիվացնել հաղորդակցությունը միջազգային գործընկերների հետ և ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հանրային կառույցներին


Հանրային խորհուրդը պլանավորում է ակտիվացնել հաղորդակցությունը միջազգային գործընկերների հետ և ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հանրային կառույցներին: Այս մասին տեղեկանում ենք հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո ՀՀ Հանրային խորհուրդն սկսել է աշխատել արտակարգ ռեժիմով: ՀԽ անդամներն ու նախագահն իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել տրամադրելու անհրաժեշտ ժամանակը՝ ՀԽ լիազորությունների և իրավասությունների սահմաններում քննարկելու և իրագործելու բոլորը այն քայլերը, որոնք ռազմաճակատի թիկունքում կարող են նպաստել կամ լրացնել պետական քաղաքականությանն ու դիվանագիտական աշխատանքին:

Այսօր կայացած արտահերթ ևս մեկ նիստում Հանրային խորհրդի միաձայն որոշմամբ հստակեցվեցին օպերատիվ աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, ըստ որի՝ այն հստակ քայլեր կիրականացնի ստեղծված իրավիճակում հանրային տարբեր շրջանակների հետ կապերն ամրապնդելու, հանրային և տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում առաջացած հնարավոր խնդիրների վերհանման և դրանց մասով առաջարկների մշակման, միջազգային գործընկերներին ամենօրյա ռեժիմով տեղեկատվության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ կհամագործակցի պետական կառավարման մարմինների և սփյուռքի գաղթօջախների հետ՝ ապահովելով արագ արձագանք և/կամ խորհրդատվություն:

ՀԽ անդամ և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը՝ որպես ոլորտը ներկայացնող անձ և տեղեկատվության անմիջական կրող, ներկայացրեց մասնավորապես տնտեսական դաշտում առկա իրավիճակը՝ ընդգծելով, որ տնտեսական գործունեությունը ռազմական դրությամբ պայմանավորված որևէ էական փոփոխությունների չի ենթարկվել, ներմուծումն ու արտահանումն իրականացվում են ամբողջ ծավալով և առաջարկեց հավանություն տալ այս հարցի առնչությամբ առանձին հաղորդագրությամբ հանդես գալու միության մտադրությանը, որը ևս միաձայն ընդունվեց խորհրդի կողմից: Սա կարևոր ուղերձ պետք է լինի Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվող կամ նման մտադրություններ ունեցող տեղական կամ միջազգային ներդրողների համար, ովքեր ստեղծված իրավիճակում կարող են այս կամ այն մտահոգությունն ունենալ իրենց հետագա գործունեության առնչությամբ:

Միջազգային հարթակներում հայկական կողմի ձայնը լսելի դարձնելու համար ու արտաքին դիվանագիտությանն ի լրումն՝ որոշում կայացվեց քայլեր ձեռնարկել երկու հիմնական ուղղություններով.

➖Շարունակել հանդիպումները ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներկայացնելու առկա խնդիրների և հարցերի վերաբերյալ հանրային կարծիքը, դիրքորոշումն ու տրամադրությունները ՀՀ-ում և Արցախում:

➖Ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցներին՝ կոչով, որպեսզի վերջիններս զերծ մնան ռազմական գործողություններին միջամտելուց և առաջնագծում պատերազմելուց, քանի որ առկա կոնֆլիկտը մեզ ոչ թե հակադիր, այլ պայքարի միևնույն կողմում է դնում:

Տեղական և միջազգային հարթություններում Հանրային խորհուրդը հետևողական է լինելու խնդիրների վերհանման, դիտարկման և փորձագիտական կարծիք հայտնելու հարցում, սակայն, ինչպես միշտ, ռազմական դրության պայմաններում ևս և առավելապես հիմա խորհուրդը բաց է դիտարկելու և քննարկելու հանրային նշանակության այս կամ այն խնդրի կարգավորման վերաբերյալ հանրության կողմից եկող այն առաջարկները, որոնք իրապես կներկայացնեն ոչ թե մասնավոր, այլ հանրային նշանակության հարցեր:

Ձեր առաջարկները Հանրային խորհրդի քարտուղարությանը կարող եք հասցեագրել՝ ուղղելով նամակները ՀԽ պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected], ֆեյսբուքյան պաշտոնական էջին (ՀԽ անդամներին անհատապես հասցեագրված նամակները չեն դիտարկվի), ինչպես նաև զանգահարելով ՀԽ գրասենյակ +37410515619 և +37410515620 հեռախոսահամարներով: