Իրանը երկար չի սպասելու

Իրանը երկար չի սպասելու
Իրանը երկար չի սպասելու

Թեհրանը Հայաստանին Ազատ առևտրի գոտի է առաջարկում
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին news.am-ի հետ զրույցում ասել է, որ Իրանը Հայաստանին առաջարկում է նախքան Մաքսային միություն մտնելն ազատ առևտրի պայմանագիր ստորագրել: Հայաստանն այժմ այդպիսի պայմանագիր ունի Վրաստանի հետ, իսկ Իրանի հետ Հայաստանն առևտուր է անում «ընդհանուր հիմունքներով»:

Դեսպանն ասել է նաև,որ Հայաստանն ու Իրանը պետք է բանակցեն սակագների, առևտրի կանոնների շուրջ: Նա ընդգծել է, որ հայ-իրանական միջկառավարական 12-րդ նիստը պետք է կայանա մինչև տարեվերջ, սակայն ժամկետներն առայժմ որոշված չեն:

Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ինչպես Վրաստանի հետ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում: Երկրորդ համաձայնագիրը շատ շուտով կարող է մոռացվել, որովհետև ստորագրվել է նաև Ուկրաինայի ու Մոլդովայի կողմից, որոնք մտնում են Եվրոպայի ազատ առեւտրի գոտի: Չնայած այդ երկրները կցանկանային ԵՄ Ազատ առևտրի գոտի մտնելուց հետո պահպանել ազատ առևտուրը նաև ԱՊՀ հետ, սակայն Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ թույլ չի տա:

Ինչ վերաբերում է հայ-վրացական համաձայնագրին, ապա այն, ըստ ամենայնի, գործելու է, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան պետություն է և չի մտել Եվրասիական միություն:

Իրանը, փաստորեն, առաջարկում է Ազատ առևտրի գոտի ստեղծել, իսկ Հայաստանը համառորեն չի արձագանքում: Հայաստանը նախանձելի համառությամբ մերժում է Իրանի բոլոր շահավետ առաջարկները, ընդ որում, պաշտոնական Երևանի ողջ քաղաքականությունը հանգում է «մի փոքր սպասելու» խնդրանքին: Երևանում ներկայում երեւում է սպասում են, թե ինչ կկատարվի Կրեմլի ռեժիմի հետ, որպեսզի չընկնեն «վիրավոր արջի» թաթի տակ:

Սակայն Երևանի հաշվարկները կարող են չարդարանալ: Իրանի, Վրաստանի և այլ երկրների հետ ինքնիշխան բանակցություններ վարելու ցանկության բացակայությանը Հայաստանին զրկում է հարևանների երաշխիքներից այն դեպքում, եթե «վիրավոր արջը» որոշի ողջ բարկությունը թափել Հայաստանի վրա:

Բացի այդ, Կրեմլի ռեժիմը, չնայած այն բանին, որ իր շուրջ օղակը սեղմվում է, դեռ երկար կարող է գոյատևել, իսկ Իրանը երկար չի սպասելու: Դեսպան Ռեիսին ասել է, որ Իրանի նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան, որպեսզի զրուցի հարաբերությունների մասին: Նա կցանկանար մինչև տարեվերջ ժամանել, սակայն Հայաստանի իշխանությունները պետք է նրան ուղերձ հղեն, որ պատրաստ են բանակցությունների: Կարդալ ավելին