Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին

Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին և շրջանավարտներին: 

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրել է մանկավարժներին և տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները:

Տնօրենը նաև իրազեկել է կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի և սաների խնամքի կազմակերպման մասին։ 

Խոսքով հանդես է եկել նաև կենտրոնի փոխտնօրեն տիկին Նունե Գեղամյանը:

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ նորին Սրբությունն իր բերկրանքն է արտահայտել առ այն, որ հանդիպմանը ներկա են զավակներ սպասող շրջանավարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայությունը նրանց կյանքից ներս: Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքն է հայտնել կենտրոնի տնօրենին տասնամյա նվիրյալ ծառայության ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտված վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցությանը:

Հայրապետը նաև կարևորել է այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանավարտների հետ և անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ։ 

Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսվել են կենտրոնի հետ կապված հուշերով՝ մասնավոր անդրադարձ կատարելով նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքին։ Այսօր կենտրոնում խնամվում է 18 սան, շրջանավարտների թիվը 20-ն է։