«Իշխանության գործունեության արդյունքում հանցագործները լեգալիզացվեցին, ոմանք հայտնվեցին ԱԺ-ում և, լուսապսակը գլխներին, խոսում են թալանից». Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր նախարարների նշանակումները, մասնավորապես, արդարադատության նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանի նշանակումը: Անընդհատ կարծիքներ էին հնչում, որ արդարադատության ոլորտը նախկինների ազդեցության տակ է, հիմա հնարավո՞ր է ոլորտն այդ ազդեցությունից դուրս դնել: 

– Քաղաքական մեծամասնությունը ընտրությունների արդյունքում ստացել է հնարավորություն կառավարություն ձևավորելու, և վարչապետի իրավասությունն է՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախարարի թեկնածուներ առաջարկել ՀՀ նախագահին:

Թե կոնկրետ որ պաշտոնն ում է առաջարկվել, կապրենք, կտեսնենք, թե ի՛նչ փոփոխություններ կլինեն: Շատ կարճ ժամանակ հետո պարզ կդառնա, թե արդյոք այս կառավարության կողմից իրական փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ նախորդ կառավարության տրամաբանական շարունակությունն է:

Այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է պետք է հասկանալու համար, թե այս նոր կառավարությունը որակապես նոր ձեռագի՞ր է որդեգրելու, թե՞ նախորդի շարունակությունն է լինելու:

Եթե նախորդ կառավարության իներցիոն շարունակությունն է լինելու, և որակական փոփոխություններ չեն արձանագրվելու դատաիրավական կամ առհասարակ պետական կառավարման համակարգում, մենք այդ ժամանակ հնարավորություն կունենանք լիարժեք արձագանքելու: 

– Անընդհատ նշվում է, որ այս երեք տարիները կորսված ժամանակ էին, իշխանությունների կողմից կոնկրետ գործողություններ չեղան, մասնավորապես, դատաիրավական ոլորտում: Հիմա կա՞ն այն մեխանիզմները, որով նոր նախարարը կկարողանա ոլորտը որոշակիորեն բարելավել:

– Ես չեմ կարող ասել, թե նոր նախարարն ինչպիսի պատկերացում ունի դատական ներկայիս համակարգի նկատմամբ, ինչ պատկերացում ունի փոփոխությունների վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ անցած երեք տարիներին որևէ ֆունդամենտալ քայլ պատասխանատվության ինստիտուտի անշրջելիության, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առումով չարվեց, և դրանք կորսված տարիներ էին:

Այսօր մենք լրջագույն ճգնաժամի առջև ենք կանգնած: Ավելին, այս ընտրությունների արդյունքով էլ որոշ ենթադրյալ հանցագործներ դարձան օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ: Սա հենց իրականության արտացոլումն է, որում մենք այսօր հայտնվել ենք: 

Թե՛ 2018-ին, թե՛ հիմա կան բոլոր գործիքակազմերը օրինականության գործընթացում լուրջ առաջընթաց արձանագրելու համար, մնում է այդ գործիքակազմերը ճիշտ կիրառել, և դրա արդյունքում արձանագրենք տեսանելի արդյունքներ: Քանի նախարար կփոխվի, քանի կառավարություններ կգան-կգնան՝ կարևորն արդյունքն է լինելու:

Ակնհայտ է, որ մեր հանրային կյանքում 2018-ից մինչ օրս գոնե այս ոլորտում տեսանելի, շոշափելի և արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք հնարավորություն կտային հանրությանն արձանագրելու, որ, այո՛, տեղի է ունեցել որակական փոփոխություն: Ճիշտ հակառակը՝ հանրության շրջանում դատաիրավական համակարգի նկատմամբ ունեցած վստահության ճգնաժամն է՛լ ավելի խորացավ:

Ավելին, մարդիկ տեսան, որ բացահայտ հանցագործները մնացին անպատիժ, շարունակում են մնալ անպատիժ, շարունակում են իրենց վայելքները: Ավելին, այսօր էլ լեզուները երկարացած փորձում են տարբեր տեսակի ապօրինությունների մասին խոսել: 

– Ո՞րը պետք է լինի արդարադատության նախարարի առաջին անելիքը: 

– Անելիքները բազմաթիվ են: Խնդիրը հետևյալն է. արդարադատության նախարարությունը բավականին բազմավեկտոր ուղղություններով ծանրաբեռնված լիազոր մարմին է: Նրա կառուցվածքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք էական փոփոխման կարիք ունեն:

Դրանցից առաջինը ես համարում եմ քրեակատարողական հիմնարկները, որտեղ տիրող բարքերի արմատական փոփոխման խնդիր կա, պրոբացիայի ինստիտուտի կայացման խնդիր ունենք, ընդհանրապես, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման խնդիր ունենք: Արդարադատության նախարարությունն այդ առումով հեգեմոն նախարարություն է: 

Ընդհանրապես օրենսդրության կատարելագործման և ժամանակակից պահանջներին համահունչ հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում նոր որակի իրավահարաբերություններ ձևավորելուն միտված ռազմավարություն է անհրաժեշտ մշակել, մոդելավորել և ներդնել:

Ինչ վերաբերում է կոնկրետ դատական համակարգի փոփոխություններին նպաստելուն, բնականաբար, նոր կառավարությունն իր ստանձնած հանձնառություններին համահունչ պետք է կարողանա նպաստել ձևավորելու այնպիսի դատական համակարգ, որը կբավարարի հանրությանը: Սա է լինելու այցեքարտը:

Արդյոք նրանց կհաջողվի՞ ձևավորել այնպիսի դատական համակարգ, որ հանրությունն ասի՝ այո՛, ես այս դատական համակարգին վստահում եմ: Մենք կսպասենք արդյունքներին:

– Այսօր ՀՀ նախագահը նոր դատավորներ նշանակեց, բոլորն էլ կանայք են: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ լավ եմ գնահատում կանանց ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, դատական համակարգում: Նրանց ներգրավվածությունը կարող է դրական փոփոխություն բերել հանրային կյանքում, այդ թվում՝ արդարադատության իրականացման գործընթացում:

Ես կանանց դերը չափազանց կարևորում եմ և գտնում եմ, որ նրանց ինտելեկտուալ կարողությունների ճիշտ օգտագործումը կնպաստի որակապես այլ հասարակական հարաբերությունների ձևավորմանը:

Այստեղ շատ բան կախված է լինելու անհատական առումով, թե տվյալ կանայք ինչպես են պատկերացնում արդարադատությունը կամ ինչպիսի նոր ձեռագիր կբերեն այդ ոլորտ, բայց մեծ ակնկալիքներ կան, որ իրենք կարող են իսկապես փոխել մթնոլորտը: 

– Շատերը նշում են, որ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի թեթև ձեռքով վեթինգի գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց:

– Նախորդ կառավարությունը 2019-ի հոկտեմբերին ընդունել էր 2019-2023 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որը հիմա էլ ուժի մեջ է, և կարելի է ասել, որ այդ ռազմավարությունը մեծ հաշվով տապալվել է:

Դա ընդհանրապես ողջ կառավարության գործունեության արդյունքն է: Այդ ռազմավարության մեջ հստակ արձանագրված է, որ պետք է իրականացվեր անցումային արդարադատություն, պետք է կատարվեին սահմանադրական փոփոխություններ, փաստահավաք հանձնաժողով պետք է ձևավորվեր անցումային արդարադատության իրականացման համար:

Մի քանի ֆունդամենտալ խնդիրներ ներառված էին այդ ռազմավարության մեջ, տապալվել են, չիրականացվեցին: Եվ այդ հարցում լիազոր մարմինը հենց արդարադատության նախարարությունն էր: Ես չգիտեմ, թե նախարարի անձը ինչքանով է դերակատարություն ունեցել, բայց դրա հավաքական պատասխանատուն կառավարությունն է:

Ակնհայտ է, որ իրենց իսկ ընդունած ռազմավարությունը չի աշխատել կամ կյանքի չի կոչվել: Ժամանակը կգա, և մենք կկարողանանք գնահատել, թե այդ մարդկանց օրոք կոնկրետ մեր հանրային կյանքում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, գոնե դատական համակարգում, արդարադատության ոլորտում: Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում ինչքանո՞վ են փոխվել այնտեղ տիրող հանցավոր բարքերը:

– Եթե քրեական պատասխանատվության ենթարկվեին նրանք, որոնց նկատմամբ գործեր էին հարուցվել, նրանց մի մասը այսօր խորհրդարանում նստելու հնարավորություն չէր ունենա: Արդյոք սա ցուցիչ չէ՞, թե որքան վատ է գործել դատական համակարգը:

– Ես բազմիցս եմ այդ մասին ասել և տառացիորեն հաստատում եմ ձեր ասածը: Այո՛, այդ համակարգի արդյունավետ իրագործման գործում նախորդ ռեժիմների որևէ ներկայացուցիչ չէր կարողանա լեգալիզացվել:

Կգա ժամանակը, ես այդ մասին առավել ընդլայնված կխոսեմ, որ ընդհանրապես վերջին 3 տարիների ընթացքում մենք ականատես եղանք նախորդ տարիների վարչակարգերի լեգալիզացման պրոցեսի: Հոկտեմբերի գործով խորամուխ չեղան, մենք այդպես էլ չիմացանք ճշմարտությունը, մարտի 1-ը, ըստ էության, ջրվեց, բազմաթիվ քաղաքական երանգ պարունակող սպանություններին արդարադատության մարմինները անգամ մոտ չգնացին, և տարիներ շարունակ այդ քաղաքական սպանությունները չբացահայտվեցին:

Այսինքն՝ մենք մի գործընթացի մեջ ենք, երբ հանրությունը լուրջ ակնկալիքներ ուներ այդ համակարգից, բայց այդ համակարգը հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեց, այսինքն՝ մի այնպիսի վարքագիծ դրսևորեց, որ հանցագործները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեին, լեգալիզացվեցին, արդարացվեցին, և այսօր, լուսապսակը գլխներին դրած՝ նրանցից ոմանք հայտնվել են խորհրդարանում և խոսում են օրինականության մասին, թալանի մասին, խոսում են գործող կառավարության կոռումպացվածության մասին: Սա արդեն մեր օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արտացոլանքն է, որին ականատես ենք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am