Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։ Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ:
Այս անգամ նախարարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցներին, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում: Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին:
Հարկ է նշել, որ վերջին օրերին պատվաստումային գործընթացը բավականին ակտիվացել է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում: Հաջորդիվ նախարարի այցեր են կազմակերպվելու նաև մարզային այլ պոլիկլինիկաներ:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։