Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։

Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։ Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։

Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։

Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։

Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։