Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Ռուստամյանը:
Նա նաեւ հավելել է, թե կողմնակից են, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, «այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»: