Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշումից հետո, այս պահին որևէ քայլ չեն կարող ձեռնարկել։
«Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը։ Դուք գիտեք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ այլ տեղ վիճարկել հնարավոր չէ», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Վճռաբեկ դատարանը, հիշեցնենք, որոշել էր բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի։
Վճռաբեկ դատարանի որոշումը Ղազարյանի պաշտպանական կողմը դեռ չի ստացել և ստանալուց հետո նոր միայն կորոշի հետագա անելիքների մասին։ Նրա խոսքով՝ նախ կարող են դարձյալ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդություններ ներկայացնել և չի բացառվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։
Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի հարստացման համար: