«Մենք հավատացած ենք, որ նորարար ենք». Արմեն Սարգսյան. Տեսանյութ

«Մենք հավատացած ենք, որ նորարար ենք». Արմեն Սարգսյան. Տեսանյութ
«Մենք հավատացած ենք, որ նորարար ենք». Արմեն Սարգսյան. Տեսանյութ

Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Thales-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: 

«Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով»,-ասել է Հանրապետության նախագահը և հավելել. «Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք: Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը: Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր: Մարդիկ ոգևորված են, փորձում են գտնել լուծումներ: Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ: Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև Եվրոպական համալսարանը: Սա, անշուշտ, առավելություն է: Երրորդ, մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը: Մենք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ Փոլ Ռեմին մասնավորապես ասել է.

«Thales-ը ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է: Մենք չենք կարող մոռանալ Կենտրոնական Ասիայի շուկան: Տեսնում ենք, որ դուք Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում եք: Հայաստանը ներգրավված է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում, որի վրա մենք շատ կենտրոնացած ենք: Առաջարկները, որոնք արեցիք, շատ լավն են ու վստահություն ներշնչող, քանի որ, ինչպես Դուք ասացիք, մեծ թվով հայաստանցիներ են ապրում Ռուսաստանում, որոնք հաջողությամբ ինտեգրվել են այդ երկրում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններ եք առաջարկում: Մենք նախկինում չենք ուսումնասիրել այդ հնարավորությունները»:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Փոլ Ռեմին Հայաստանում անցկացնելիք ժամանակը կօգտագործի՝ բացահայտելու մեր երկիրը, կայցելի տարբեր ընկերություններ, կրթական հաստատություններ. «Այս ամենը Ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։