«Շատ հավանական է, որ Լուգանսկի և Դոնեցկի դեպքերը լայնածավալ ռազմական բախման հանգեցնեն». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

Պարո՛ն Ղևոնդյան, Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարները հայտարարել են համընդհանուր զորահավաք: Ձեր դիտարկմամբ՝ տեղի ունեցողը կարո՞ղ է լայնածավալ ռազմական գործողությունների հիմք հանդիսանալ:

– Ճնշումները շարունակվում են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների հայտարարած մոբիլիզացիան ճնշման միջոցներից մեկն է, որը փորձում է կիրառել Ռուսաստանը: Իհարկե, բացառված չէ, որ դա կարող է տանել լայնածավալ բախումների, նույնիսկ բավականին հավանական է, որ այդպես էլ կլինի: Այնուամենայնիվ, դեռևս չեն անցել հետդարձի բացառման կետը, ու եթե կողմերից մեկը հետ կանգնի իր պահանջներից, բախումներ չեն լինի, բայց զարգացումներն այլ կերպ են ընթանում:

Իսկ լարվածության ավելացումն ինչո՞վ է պայմանավորված, ո՞ւմ նախաձեռնությամբ խախտվեց համեմատաբար կայուն վիճակը:

– Պատճառը Ռուսաստանի կողմից ճնշման ավելացման փորձն է, Ռուսաստանը փորձում է շանտաժի միջոցով հասնել իր նպատակներին:

Իսկ կհաջողվի՞:

– Շատ բարդ է ասել. Ռուսաստանի նպատակը Ուկրաինայի ժողովրդի փոխարեն որոշում կայացնելու իրավունքի ձեռքբերումն է, ինչպես էր Խորհրդային Միության ժամանակ: Իսկ Արևմուտքն ասում է, որ Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե զարգացման ինչպիսի մոդել են ընտրում, իսկ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի էլիտան չի արտահայտում այն մոտեցումը, որ պետք է Ուկրաինային, ու Ռուսաստանի ղեկավարությունը պետք է որոշի, թե Ուկրաինան զարգացման ինչպիսի մոդելով պետք է առաջ շարժվի:

Ենթադրելի է, որ Ուկրաինայի ժողովուրդն ավելի հակված է պաշտպանելու արևմտյան տեսակետը, որովհետև ընտրելու հնարավորություն ունի, հետևաբար դժվար թե Ռուսաստանը կարողանա առանց պատերազմի իր նպատակներին հասնել:

Ռուսաստանը կգնա՞ պատերազմի, պարո՛ն Ղևոնդյան՝ հաշվի առնելով դրանից բխող հետևանքները:

– Հնարավոր է, եթե չկարողանա իրականացնել նպատակները, հնարավոր է նաև լայնածավալ պատերազմ տեղի ունենա, իսկ հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանի որոշակի մասում հեգեմոնիա հաստատել, ու, ինչպես նշեցի, որոշել այլ պետությունների ու ժողովուրդների փոխարեն:

Անկանխատեսելի է պատերազմի ելքը, գուցե պատերազմը տա դրա հնարավորությունը, գուցե երկիրը կիսի երկու մասի՝ մի հատվածում մնա այն մասը, որն ինքնուրույն կամ Արևմուտքի ազդեցությամբ որոշում կկայացնի, մյուս հատվածը մնա Ռուսաստանի ազդեցության տակ, գուցե պարտվի, ու Ռուսաստանն ինքը հայտնվի քայքայման եզրին:

Իսկ այդ հնարավոր լայնամասշտաբ պատերազմի հետևանքներն ու ազդեցությունները Հայաստանի Հանրապետության վրա որո՞նք կարող են լինել:

– Հայաստանի վրա կունենա երկու հիմնական ազդեցություն՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսական առումով, միանշանակ, մենք կկորցնենք, որովհետև Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ ենք, Ուկրաինայի հետ շատ մեծ առևտրաշրջանառություն ունենք ու Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերներից մեկն է:

Քաղաքական առումով երկակի ազդեցություն կլինի, նախ՝ մեր տարածաշրջանում հանգիստ կլինի: Ինչպես տեսնում ենք, ճգնաժամի լարվածությանը զուգահեռ մեր տարածաշրջանում նույնիսկ ադրբեջանական սադրանքներ տեղի չեն ունենում, որովհետև նման սադրանքների կամ ավելի լայնամասշտաբ գործողությունների համար անհարաժեշտ է առաջին հերթին տարածաշրջանի գլխավոր տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությունը, իսկ պատերազմի դեպքում Ռուսաստանը զբաղված կլինի, ու նրա համաձայնությունը ստանալ հնարավոր չի լինի:

Մյուս կողմից՝ մեզ համար խնդիր կլինի, որովհետև մենք ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, իսկ Ռուսաստանի համար Ղրիմն իր տարածքն է, ու ակնհայտ է, որ պատերազմի դեպքում Ղրիմում տեղի են ունենալու գործողություններ: Այս դեպքում Ռուսաստանը կարող է պահանջել Հայաստանից մասնակցել ռազմական գործողություններին, ինչը շատ լուրջ խնդիր կլինի Հայաստանի համար, և ես չգիտեմ, թե մեր պետական, դիվանագիտական կորպուսը, ընդհանրապես իշխանությունն ինչպես պետք են այս մարտահրավերին դիմագրավեն:

Իսկ բացառո՞ւմ եք, որ պատերազմ սկսվելու պարագայում Ադրբեջանը միայն Թուրքիայի համաձայնությամբ կարող է սահմանային սադրանքների դիմել:

– Իհարկե բացառում եմ, քանի որ Ադրբեջանը ևս գտնվում է ռուսական ազդեցության գոտում և միայն Թուրքիայի կամ այլ քաղաքակրթական կենտրոնի համաձայնությամբ պատերազմի չի գնա:

Այդ իրավիճակում երկրորդ ճակատ բացելը Ռուսաստանի համար մեծ խնդիր կլինի, առավել ևս, որ Արցախի դեպքում, օրինակ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն համաձայնություններ, որոնք կատարում են, ու երկուսի շահերն էլ բավարարվում են: Փոխել այն հավասարակշռությունը, որը բավարարում է երկու կողմերի շահերին, տրամաբանական չէ:

Պարո՛ն Ղևոնդյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմը երրորդ համաշխարհայինի հիմքն է դառնալու:

– Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե տևական ժամանակ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չստանա, բայց ես հուսով եմ, որ հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Չինաստանը, հասկանում են, որ դա կբերի համաշխարհային աղետի:

Նրանց հայտարարություններում էլ կարելի է դա տեսնել, որ հակված են չմիջամտելու և անմիջականորեն բախման չգնալու, և նույնիսկ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմը չի ներգրավի այլ մասնակիցների: Կարծում եմ՝ դա ավելի հավանական սցենար է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am