Կրթությունը նորաձև է, իշխանությունն էլ` բրգաձև. պատրաստվում ենք 2026-ի քննությանը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Միանգամից անցնեմ բուն թեմային` «Կրթությունը նորաձև է» արշավը կրթության մասին չէ։ Սա ասում եմ, որպեսզի կրթության ոլորտում աշխատող մեր հայրենակիցներն իզուր չլարվեն։ 

Հավանաբար` գալիք ընտրությունների մասին է կամ դիտումների քանակի ավելացման, չգիտեմ։ Ի վերջո, գաղափարական դաշտը դատարկ է, և այն պետք է ինչ-որ բանով լցնել։ Քաղտեխնոլոգիա է, PR և նման տիպի մի բան, որն իհարկե գոյություն ունենալու իրավունք ունի, բայց չպետք է հույսեր փայփայել, թե այն կրթության մասին է։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Ներկայացնեմ երեք պատճառ։ 

Պատճառ առաջին։ Եթե առաջին տիկինը կամ «Իմ քայլը» իրոք մտածեր կրթության մասին, հավանաբար ոչ թե խնջույքներ կկազմակերպեր, այլ կայցելեր, օրինակ՝ մարզային դպրոցներ։ 

Կառանձնացնեին խնդիրները, կփորձեին դրանց թիրախային լուծումներ տալ։ Օրինակ՝ մարզային դպրոցներում քիմիայի ուսուցիչների պակաս կա։ Ի վերջո կարող է, չէ՞, «Իմ քայլը» հիմնադրամը քիմիայի ֆակուլտետի վերջին կուրսի ուսանողներին հատուկ ծրագրով կես տարով տեղավորել աշխատանքի մարզերից մեկի դպրոցում, ասենք, փոխարենը՝ նրանց այդ տարվա վարձավճարը մուծելով և աշխատավարձ առաջարկելով հիմնադրամի միջոցներից։ Կամ նման մի բան։ Չեմ պնդում, որ հիասքանչ առաջարկ եմ անում, պարզապես ցույց եմ տալիս արդի կրթության «ծակ ու ծուկերի» փակման ինչ-որ տարբերակ։ 

Այդ ժամանակ պարբերական գործնական ընթրիքները հավանաբար կլինեին ԿԳՄՍ նախարարի, տարբեր ինստիտուտների տնօրենների, ակադեմիկոսների հետ։ Ոչ մի նման բան մենք չենք տեսնում։ 

Պատճառ երկրորդ։ Կրթությունը պարզապես գիրք կարդալը կամ նոր գիտելիք ստանալը չէ։ Դա համակարգված գործընթաց է, որ մեզ ծանոթ տեսքն է ստացել մոդեռնի ժամանակաշրջանում, երբ ձևավորվեցին նոր տիպի ազգային պետությունները և ամենակարևորը` բանակները` իրենց զանգվածային զորակոչով։ Եթե դու այսքան մարդու զորակոչում ես, քեզ օդ ու ջրի պես պետք է, որ նրանք գրել-կարդալ, հաշվել իմանան։ Բացի այդ` լավ կլինի հասկանան, թե ինչու են հավաքվել ու սեփական բարբառից բացի ունենան մեկ ընդհանուր լեզու։ Այս պատճառով վատ չի լինի, որ սովորեն ընդհանուր պատմություն և գրականություն։ Դու չես կարող քեզ թույլ տալ լեզվից մինչև ֆիզիկա սովորեցնել զորակոչիկին, անգամ 2 տարում։ Նա պետք է պատրաստ գա։ 

Նույնն էլ կարելի է ասել աշխատաշուկայի մասին։ Սա է կրթության նախնական պատճառն ու նպատակը` պետականաշինությունը և բանակաշինությունը։ Կրթությունն ինքնանպատակ չէ, այլ միջոց։ Կառավարության համար` ամուր պետություն և բանակ կառուցելու, անհատի համար` սոցիալական բուրգի վերևները բարձրանալու։ 

Ասել, թե կրթությունը նորաձև է, նշանակում է ասել` պետությունը նորաձև է, բանակը նորաձև է, ինքնությունը նորաձև է։ Իսկ եթե «մոդայից դո՞ւրս գա»… 

Պատճառ երրորդ։ Առանձնակի ուշադրություն է գրավում այս կոչի գովազդային պարզությունը։ Ասես առողջ ապրելակերպի վաճառողներն են փորձում գրավել ջահելների ուշադրությունը, ասելով, թե «Բրոկոլին մոդայիկ է»։ Այն ջահելների, որոնց խելքը դեռ չի հասնում, և եթե նրանց ասես, որ տղա/աղջիկ ջան, բանջարեղենը շատ կարևոր է, նրանք դա չեն հասկանա։ Պիտի ճչացող գովազդ անես, որ առանց հասկանալու ուտեն։ Ա՛յ նման տպավորություն է թողնում այս պնդումը։ Ինչը կրկին հարիր չէ բարդ ու երկարաժամկետ նպատակներին։ Իսկ կրթության հետ կապված ցանկացած նպատակ չի կարող բարդ ու երկարաժամկետ չլինել։ Երևույթի բնույթն է այդպիսին։ 

Այսպիսով` հաշվի առնելով վերը նշված երեք պատճառները, հանդգնում եմ ենթադրել, որ նման արշավը կրթության հետ կապ չունի, և պետք է այն դիտարկել բացարձակապես քաղաքական հայտարարությունների ծիրում…

Հաղթելու ենք.

Ասեք, կանենք.

Կրթությունը նորաձև է… կամ նման մի բան։ 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am