Ազգային ժողովը նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է TRIPP զարգացման ընկերության հիմնադրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հոկտեմբերի 26-ին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմամբ, որից հետո նախատեսվում է սկսել TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։
Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան ընկերությունը հիմնել սեղմ ժամկետներում և ապահովել ծրագրի իրականացումը։
Նախագծով առաջարկվում է հատուկ իրավական կարգավորումներ նախատեսել միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար։
Այդ կարգավորումները կկիրառվեն միայն այն դեպքում, երբ ընկերությունը հիմնադրվում է Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա, և պետությունն ունի դրանում առնվազն 25 տոկոս մասնակցություն։
Դադունցի պարզաբանմամբ՝ 25 տոկոսի շեմը հնարավորություն կտա պետությանը ազդեցություն ունենալ ընկերության կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում։ Եթե պետական մասնակցությունը նվազի այդ շեմից, հատուկ կարգավորումները կդադարեն գործել։
Նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար սահմանվել է երեք ժամ։ Նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել արտահերթ նիստին։



















