Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների օրակարգում է։
Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը և հաղթահարել թշնամական մթնոլորտը։
«Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամական մթնոլորտի արտացոլումն է: Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ 100%-ով չի լուծվի»,- ասել է վարչապետը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները դիվանագիտական շփումներում մշտապես բարձրացնում են գերիների հարցը։
«Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը, և մենք շարունակելու ենք, ինչ խոսք, մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նպատակն է հաղթահարել թշնամանքն ու հակամարտությունը՝ ապահովելով խաղաղ ապագա։ Նա նաև ընդգծել է սեփական ուժերին ապավինելու և Հայաստանի պետական ու ազգային շահերով առաջնորդվելու կարևորությունը։



















