Բաքվից Երեւան. Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Սերժ Սարգսյանը ամփոփել են հանդիպման արդյունքները

Բաքվից Երեւան. Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Սերժ Սարգսյանը ամփոփել են հանդիպման արդյունքները
Բաքվից Երեւան. Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Սերժ Սարգսյանը ամփոփել են հանդիպման արդյունքները

6-օրյա տարածաշրջանային պաշտոնական այցով Հարավային Կովկասում ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկ ժամանել է Երեւան, իսկ այսօր սկսել է իր երեւանյան հանդիպումները:
Երեւանյան իր այցելությունը Կոմորովսկին սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի ընդունելության պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահների առանձնազրույցը, եւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Ինչպես տեղեկացնում են նախագահական նստավայրից, հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը`մշակույթի, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության եւ անասնաբուժության բնագավառներում համագործակցության մասին:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Սարգսյանի եւ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսում:

Ասուլիսի ժամանակ իր խոսքում Սերժ Սարգսյանը` ողջունելով Լեհաստանի նախագահ պարոն Կոմորովսկուն, նրա տիկնոջն ու ուղեկցող պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի եւ Լեհաստանի անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք:

«Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, եւ նշեմ ամենակարեւորը՝ վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք ցանկությունն ու հանձնառությունը: Արձանագրվեց, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, եւ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-լեհական փոխգործակցությանը նոր դինամիկա եւ բովանդակություն հաղորդելու ուղղությամբ: Ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են մեր երկկողմ շփումների շրջանակը` ավելացնելով դրանց շահառուների թիվը»,- հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իրենք առաջին հերթին ուշադրություն են դարձրել հարաբերությունների առեւտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Բացի այդ, Սարգսյանի խոսքով, քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության հարցեր։

Իր խոսքում Սարգսյանը անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին, հայտարարելով, թե հանդիպման ընթացքում  արձանագրեցին, որ «կազանյան հանդիպումից եւ մեր, եւ միջազգային հանրության սպասելիքները մեծ էին, բայց, ցավոք, այդ սպասելիքները չարդարացան»:

«Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը: Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու եւ իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի: Ուրախ եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ Լեհաստանը Հայաստանի համար հանդիսանում է ավանդական բարեկամ երկիր, որի հետ մենք կարող ենք ազատ եւ հանգիստ քննարկել խնդիրներ եւ աջակցության հույս ունենալ»,- հայտարարել է Սարգսյանը:

Հիշեցնենք, սակայն, որ Կոմորովսկին Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ուշագրավ հայտարարություններ էր արել:

«Առաջին հերթին ես կիսում եմ ձեր վիշտը: Քանի որ այստեղ կան այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են ողջ տարածաշրջանի գործունեությունը: Ինչ վերաբերվում է այս տարածաշրջանին, ապա աշխարհի քարտեզի այդ հատվածում Ադրբեջանը հայտնի է որպես երկիր, որը իր լուման է ներդնում կայունության համար, կատարում է կայունության գործոնի դեր: Ես ասել եմ պարոն նախագահին, (Ալիեւին-հեղ.), եթե լիներ այդպիսի բանաձեւ, որով հնարավոր կլիներ ինչ-որ առւմով ելք գտնել այդ բարդ խնդրից, որպեսզի ԼՂ հիմնախնդրին անդրադառնալով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ հակամարտությունը հնարավոր լիներ լուծել խաղաղ ճանապարհով: Սակայն մենք ինքներս բարդ փորձ ունենք: Մենք գիտենք, թե որքան կարեւոր է տարածքային ամբողջականության հարցը: Դա սուրբ հարց է»,- հայտարարել էր Կոմորովսկին:

Լեհաստանի նախագահը հավելել էր, թե միաժամանակ, կարեւոր է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը:

«Այնտեղ, որտեղ կան հակամարտություններ, այդ սկզբունքները հաստատված են: Ամենավտանգավորն այն է, որ ինչ-որ մեկը, անկախ աշխարհագրությունից, քաղաքական պայմաններից, այդ խնդրին կմոտենա տարբեր տեսանկյուններից»,- հայտարարել էր Լեհաստանի նախագահը:

Հիշեցնենք նաեւ, որ հայաստանյան իր այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am