Խցանումների խնդիրը միայն Երևանին բնորոշ չէ, և այն առկա է ցանկացած զարգացող քաղաքում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության խնդիրներին։
Նրա խոսքով՝ խցանումների հիմնական պատճառներից են ավտոմեքենաների թվի կտրուկ աճն ու Հայաստանի բնակչության ավելացումը։
Ռուբինյանը նշել է, որ խցանումների նվազեցումը Երևանի քաղաքապետարանի գործունեության նպատակներից է, և քաղաքապետարանի ներկայացուցիչները պետք է գտնեն առկա խնդիրների լուծման ուղիները։
Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ խցանումների վերաբերյալ բարձրաձայնած խնդրին՝ Ռուբինյանն ասել է, որ այդ հարցի մասին խոսում են բոլորը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալել է մայրաքաղաքի կառավարումը, Ռուբինյանը պատասխանել է բացասական։
«Ո՛չ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևան քաղաքի կառավարումը։ Հակառակը՝ համարում եմ, որ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում և կարծում եմ՝ կշարունակի բերել»,- հայտարարել է ԱԺ նախագահը։



















