ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ ԼՂ-ում աճյունների որոնումները վերսկսելու համար

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը․

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք:

ՆԳՆ ծառայողները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 34, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի 6 կենցաղային կանչերի։

Շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնց հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: