Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը որակել է ժամանակակից կյանքի ամենածանր խնդիրներից մեկը։
«Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ խնդրի բարդությունը պայմանավորված է բազմաթիվ անհայտ հանգամանքներով։ Դրանց հետևանքով հաճախ հնարավոր չէ անհայտ կորածների հարազատներին հստակ պատասխաններ տալ։
Փաշինյանի խոսքով՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, քանի որ հարցերի հնարավոր պատասխաններից շատերը կարող են գտնվել Հայաստանի տարածքից և կառավարության լիազորություններից դուրս։
Վարչապետն ընդգծել է նաև միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրության և հաջողված մեթոդների կիրառման կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա խնդրի լուծումը հնարավոր չի լինի։



















