«Եթե նոր արհավիրք չլինի, ու շատ աշխատենք». զբոսաշրջության ոլորտում ռեկորդային այցելությունների հույսեր ունեն

2021 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիների թիվը՝ 870 հազար, կրկնակի ավելի է, քան 2020 թվականին, ասում է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը և հավելում՝ եթե ոլորտում պատասխանատուները լավ աշխատեն, ապա այս տարի այդ թիվը կրկնակի ավելի կլինի:

2020-ը զբոսաշրջության ոլորտում անհաջող տարի էր, և ինչպես էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է իր հարցազրույցներից մեկում նկատել՝ Հայաստանը 2020-ին տուրիզմի ոլորտում «շռնդալից անկում» է գրանցել: 2021-ին նույն նախարարը 319 տոկոսով աճ էր կանխատեսել. «Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»:

Համավարակի բարձր ռիսկի պահպանման ու երկրի անվտանգության ապահովման առումով ստեղծված ճգնաժամի պայմաններում, սակայն, այդ կանխատեսումը չիրականացավ:

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ 2021-ին ոլորտում վերականգնման փորձ եղել է, բայց ոչ բավարար: «Երբ 2021-ի ցուցանիշները համեմատում ենք 2020 թվականի հետ, երբ համավարակ էր, հասկանում ենք, որ զբոսաշրջության ոլորտում վերականգնման քայլեր իրականացվել են, 2.5 անգամ աճել է տուրիստների թիվը: Սակայն 2019-ի համեմատ, իհարկե, նախորդ տարվա ցուցանիշը անհամեմատ քիչ է»,- «Մեդիալաբին» ասում է Ապրեսյանը:

Նկատենք՝ Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2020-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 360 հազար, իսկ 2019-ին՝ 1 մլն 984 հազար:

Ապրեսյանն ասում է՝ 2021-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տարի Հայաստան այցելել են անհատ զբոսաշրջիկներ, և կազմակերպված զբոսաշրջությունը դեռևս առաջընթաց չի գրանցում և չի վերականգնվում: «Եվրոպական տուրիստական ընկերությունները մինչև հիմա էլ չեն դիմում ռիսկի ու տուրիստական խմբեր չեն ուղարկում Հայաստան»,- նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ դրա համար հիմնական պատճառը նախ՝ համավարակն է, հետո՝ Արցախյան պատերազմից հետո անվտանգային անորոշ իրավիճակը:

Դիտարկմանը, թե, հավանաբար, դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021-ին առավելապես անհատ զբոսաշրջիկներ են եկել Հայաստան հիմնականում պատվաստվելու նպատակով, Ապրեսյանն արձագանքում է. «Չէ՛, չէ՛, ինչ եք ասում, հո այդքան մարդ միայն պատվաստվելու համար չէր գա Հայաստան: Այո՛, նրանց մեջ կա որոշակի մաս, որ եկել է Հայաստան պատվաստվելու, բայց մասսայական չի եղել: Ինչպե՞ս կարելի է ասել՝ 870 հազար մարդ եկել է Հայաստան պատվաստվելու»:

Մյուս կողմից, նրա խոսքով՝ Հայաստանում 2021-ի սկզբին անխոչընդոտ պատվաստումը դրական պայման էր, ինչը թույլ տվեց, որ հատկապես Իրանից շատ մարդիկ այցելեն Հայաստան: Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստան եկած իրանցիների թիվը 2021-ին կազմել է 91 հազար: «Իհարկե, օտարերկրացիներին առանց խոչընդոտների պատվաստվելու հնարավորություն տալը ոչ թե զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ ուներ, այլ զուտ մարդասիրական քայլ էր»,- նշում է Մեխակ Ապրեսյանը:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեջ շարունակում են գերակշռող մնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները. 2021-ին Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիների թիվն անցնում է 350 հազարից։ Վրաստանից 2021-ին Հայաստան է ժամանել ընդամենը 70 հազար զբոսաշրջիկ:

Ինչ վերաբերում է այս տարվա սպասելիքներին, Մեխակ Ապրեսյանն ասում է՝ մեծ հույսեր ունեն, որ կհասնեն 2019-ի ցուցանիշին՝ 1 մլն 984 հազար:

«Պետք է իրականացվեն համալիր միջոցառումներ, մարքեթինգ, որ Հայաստանը ներկայացվի աշխարհին: Այս տարի ունենք մեծ հույսեր, և եթե մի նոր արհավիրք չլինի, ու շատ աշխատենք՝ բոլորն իր ոլորտում, հնարավոր է՝ հասնենք 2019-ի ցուցանիշին»,- նշում է Մեխակ Ապրեսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am