Լատինական Ամերիկայում ընդամենը չորս օրվա ընթացքում երկու լրագրող է սպանվել, իսկ երրորդի տունը՝ հրկիզվել։ Մեքսիկայում, Կոստա Ռիկայում և Պանամայում տեղի ունեցած հարձակումները նոր մտահոգություններ են առաջացրել տարածաշրջանում լրագրողների անվտանգության և մամուլի ազատության վերաբերյալ, հաղորդում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)։
Կոստա Ռիկայում նոյեմբերի 16-ին սպանվել է լրագրող Կամիլո Ռոդրիգեսը։ Մոտոցիկլով երթևեկող զինված տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ, երբ լրագրողը մեքենա էր վարում։
Ռոդրիգեսը մի շարք լրատվամիջոցների համար լուսաբանում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Սոցիալական ցանցերում նա հաճախ հրապարակումներ էր անում կազմակերպված հանցավոր խմբերի՝ կրոնական կազմակերպությունների և սպորտային թիմերի հետ ունեցած կապերի մասին։
Կոստա Ռիկայի նախագահ Լաուրա Ֆերնանդեսը լրագրողի սպանությունն անվանել է «վախկոտ սպանություն» և խոսքի ազատության դեմ հարված։ Ռոդրիգեսը վերջին 23 տարվա ընթացքում Կոստա Ռիկայում սպանված առաջին լրագրողն է։
Սպանությունը դատապարտել է նաև ՄԱԿ-ը՝ հայտարարելով, որ անընդունելի են լրագրողների նկատմամբ բռնության, վրեժխնդրության և ահաբեկման բոլոր դրսևորումները։ ՄԱԿ-ն ընդգծել է, որ խոսքի ազատությունը, ազատ մամուլը և տեղեկատվություն ստանալու իրավունքը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հիմնասյուներից են։
ICIJ
Մեքսիկայում նոյեմբերի 15-ին Ակապուլկո քաղաքում հայտնաբերվել է տեղական «Enfoque Informativo» լրատվամիջոցի լրագրող Էդուարդո Ֆլորեսի դին։ Գերերո նահանգի դատախազությունը նրա մահը քննում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հատկանիշներով։
Լրագրողի գործընկերները հայտարարել են, որ սպանությունը վրդովմունք է առաջացրել ոչ միայն Գերերոյի լրագրողական համայնքում, այլև երկրի սահմաններից դուրս։ Նրանք պահանջել են բացահայտել հանցագործությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ֆլորեսը 2026 թվականին Մեքսիկայում սպանված արդեն իններորդ լրագրողն է։ Մեքսիկան շարունակում է համարվել լրագրողական աշխատանքի համար ամենավտանգավոր երկրներից մեկը՝ պատերազմական գոտիներից դուրս։
ICIJ
Պանամայում նոյեմբերի 14-ին անհայտ անձը հրկիզել է հետաքննող լրագրող Ռոլանդո Ռոդրիգեսի տունը։
Ռոդրիգեսն աշխատում է պանամական «La Prensa» օրաթերթի և Լատինական Ամերիկայի հետաքննող լրագրողների տարածաշրջանային հարթակի՝ CLIP-ի հետ, որը նաև ICIJ-ի գործընկերն է։
Հարձակման պահին լրագրողը քաղաքում չի եղել։ Նրա կինը գտնվել է տանը, սակայն կարողացել է անվնաս դուրս գալ։
Ռոդրիգեսի վերջին հետաքննություններից մեկը բացահայտել էր հայտնի Կարետերո ընտանիքի գործարար կապերը Վենեսուելայի իշխանությունից հեռացված նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Կուբայի կառավարության հետ։
Հարձակումից հետո Լատինական Ամերիկայի 33 լրատվամիջոց վերահրապարակել է այդ հետաքննությունը՝ ի նշան լրագրողի հետ համերաշխության։
Մամուլի և հասարակության ինստիտուտը (IPYS) պահանջել է արագ, համակողմանի և թափանցիկ քննություն՝ հարձակման կազմակերպիչներին ու իրականացնողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Պանամայում «La Prensa»-ն և շուրջ 50 այլ լրատվամիջոցներ քաղաքացիներին կոչ են արել մասնակցել նոյեմբերի 17-ին կազմակերպված բողոքի ակցիային՝ պահանջելով ապահովել լրագրողների անվտանգությունն ու պաշտպանել խոսքի ազատությունը։
ICIJ-ի հրապարակման համաձայն՝ 2026 թվականի սկզբից մինչև նոյեմբերի կեսը Լատինական Ամերիկայում սպանվել է շուրջ 30 լրագրող։ Նման դեպքեր են գրանցվել Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Վենեսուելայում, Հայիթիում, Կոլումբիայում, Պերուում, Գվատեմալայում, Էկվադորում և Հոնդուրասում։
ICIJ



















