Տղե՛րք, ի՞նչ է ձեր պատերազմի անունը

Մհեր Արշակյան

Տղե՛րք, ամաչեցնում եք: Էնտեղ մարդիկ են զոհվում: Ու էդ զոհերը չգիտեն, թե դուք ինչ եք մտածում Նիկոլի մասին, Նիկոլն ինչ է մտածում ձեր մասին, դուք երկուսդ ինչ եք մտածում զինվորների մասին: Ամո՛թ է: 

Ամո՛թ է, եթե մայր ունեք, որը ձեզ վրա չի լացի, ամոթ է, եթե որդի ունեք, որի վրա դուք չեք լացի: Էնտեղ պատերազմ է, դուք էստեղ խաղաղություն եք խաղում` իբր ներքաղաքականությունը շարունակվում է: Ոչինչ էլ չի շարունակվում, որ ուշադիր լինեք, Covid-ն էլ է շունչը պահել: Սպասեք տեսնենք՝ ի՛նչ է լինում: Հլը ձեր կնոջը, մորը հարցրեք, թե ի՛նչ կմտածեր, եթե դուք լինեիք սահմանին: 

Դուք մտածել եք, թե ինչո՛ւ են պատերազմի ժամանակ թմբկահարում միասնության մասին: Որովհետև, երբ հակառակորդը մտավ ձեր տուն, էլ խաղաղության ժամանակ դուք ինձ ատելու կյանք չեք ունենա: 

Որ մտավ, էդ տունն էլ չի լինի, որտեղից «ռմբակոծում» եք ինձ: Էդ ամենը կոչվում է խաղաղության խնամք պատերազմի քթի տակ: 

Ձեր հայրերը կռված կլինեն Արցախում: Գուցե նամակ էլ գրած լինեն, երբ դուք դեռ օրորոցի երեխա էիք: 

Տեսեք էդ նամակներում ներքաղաքականություն կա՞: Նրանք, ովքեր զենք չեն վերցնում, խաղաղության հերոսներն են: Եվ հենց նրանց են հաշվետու պատերազմի հերոսները: Այնպես որ, համբերեք: Հատկապես համբերել է պետք, որովհետև զոհեր էլ են լինում: 

Կարիք կա՞ քաղաքական ղեկավարությանը դիլետանտ որակելու: Այսինքն՝ ի՞նչ է անում, ասում է` մի պատասխանե՞ք ադրբեջանական ագրեսիային, ասում է` Իլհամը մեր ախպե՞րն է: Ի՞նչ է նշանակում՝ վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում: 

Ի՞նչ կարևոր է ինչ է անում, շեղում կա՞ էն փաստից, որ կռվի մեջ ենք, որ հակառակորդը ի գիտություն է ընդունել այս ամենի լրջությունը, որ վատթարին էլ ենք պատրաստ: 

Դուք ուզում եք ասել, որ բանակն ու քաղաքական ղեկավարությունն իրարից բեխաբա՞ր են: Չեմ ասում` սխալ եք, չեմ ասում` ճիշտ եք: 

Նստեք ու նամակներ գրեք մեր զինվորներին, քաջալերեք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որովհետև երկրի սահմանները նրանք են գծում, ու բանակն անգամ նրանց է հաշվետու: 

Մտածեք, որ նրանք իրենց գոյությամբ են ձեզ պատվաստում հակախուճապով: Նրանք Հայաստանի ֆիզիկական զգացումն են, ու էդ իմաստով Երևանն ամենաանզգա տարածքն է, այստեղ Հայաստան չկա: 

Ու միայն Երևանում դուք ձեզ կպահեիք այնպես, ինչպես պահում եք: Դուք ձեր պահվածքով արժեզրկում եք երևանցի մորը, երևանցի երեխային, որի հայրը սահմանին է հենց հիմա: 

Մեկը նախկիններին պատկանող կայքում նույնիսկ լրջորեն խոսում է Փաշինյանի կոռումպացվածության մասին: Գնացեք ու սահմանից խոսեք Փաշինյանի կոռումպացվածության մասին, եթե առանց խոսելու հնարավոր չէ: 

Դուք ձեզ համար պատերա՞զմ եք հորինել Փաշինյանի դեմքով: 

Այսինքն՝ չշեղվե՞նք գլխավորից: Էդպես լավ չէ, փողո՛ց դուրս եկեք: Իսկապես ամաչեցնում եք, տղե՛րք: Հատկապես, երբ այս օրերին ճիշտը նրանց փոխարեն ամաչելն է, որոնք զոհվում են սահմաններին: 

Առավելևս, ճիշտը ամաչելն է նրանց փոխարեն, որոնք հաստատ սահմանից կրակոցների տակ իրենց մայրերին չեն գրում` մայր, Փաշինյանը կոռումպացվա՞ծ է, մի երկու տող գրիր, իմանամ, քունս չի տանում, օրս չի լուսանում էդ մտքից: 

Ու գիտե՞ք ինչով է այս ամենը սարսափելի` նրանք խաղաղության անհամբերությունն ունեն, դուք չունեք: Նրանք վերադառնալու են վարկ փակեն` այդպես էլ քաղաքական առումով ոչ մի ճամբարի չծառայելով, դուք էդ խնդիրը չունեք: 

Դուք ձեր «խաղաղության» կրոնը շալակած կարող եք պատերազմներով էլ կերակրվել: Նրանք չեն կարող: 

Եվ ահա թե ինչու իմ ամաչելն ավելի անպտուղ է, քան՝ ոմանց անպատկառությունը: 

Տղե՛րք, ի՞նչ է ձեր պատերազմի անունը՝ Նիկո՞լ: Ու ո՞նց եք պատկերացնում ձեր կռիվը:

Մհեր Արշակյան

MediaLab.am