Եվրամիությունը մտադիր է ամբողջությամբ և մշտական հիմունքներով հրաժարվել ռուսական էներգակիրների ներմուծումից՝ անկախ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների արդյունքներից։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը։
«Եթե դա ինձնից կախված լինի, մենք այլևս երբեք Ռուսաստանից նույնիսկ մեկ մոլեկուլ գազ չենք ներմուծի։ Մենք չենք վստահում Ռուսաստանին»,- ասել է Յորգենսենը։
Euronews-ը հիշեցնում է, որ պատժամիջոցների փոխարեն, որոնք կարող են չեղարկվել պատերազմի ավարտից հետո, Եվրամիությունն ընդունել է օրենսդրություն, որով նախատեսվում է ռուսական գազի ներմուծման ամբողջական և մշտական արգելք։
«Մենք, ըստ էության, արգելել ենք այն, ինչը շատ ավելի խիստ միջոց է, քան պատժամիջոցները, քանի որ դրանց գործողությունը պետք է երկարաձգվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Եթե խաղաղություն հաստատվի, հավանաբար, պատժամիջոցները կչեղարկվեն, մինչդեռ ընդունված օրենսդրությունը կշարունակի գործել»,- նշել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն արդեն ռուսական գազից կախվածությունը 45 տոկոսից նվազեցրել է մինչև մոտ 10 տոկոս և նախատեսում է 2027 թվականին ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը։
«Նույնիսկ եթե խաղաղություն հաստատվի, մենք նրանց չենք վստահի և չենք ցանկանում կրկնել անցյալի սխալները»,- ընդգծել է Յորգենսենը։
Եվրահանձնակատարը նաև նախազգուշացրել է, որ այս ձմռանը սպառողները պետք է պատրաստ լինեն վառելիքի և գազի գների բարձրացմանը՝ չնայած նավթի գների վերջին անկմանը։
«Մեզ սպասվում է բավականին բարդ ձմեռ լիցքավորման կայաններում, քանի որ բենզինը, դիզելային վառելիքը և գազը կթանկանան»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, ռուսական հեղուկացված բնական գազը շարունակում են ներկրել Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան և Նիդեռլանդները, իսկ խողովակաշարային մատակարարումները պահպանվում են Հունգարիայում, Սլովակիայում և Հունաստանում։
S&P Global Energy-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Եվրամիությունը ներմուծել է շուրջ 12,7 միլիոն տոննա ռուսական հեղուկացված բնական գազ, ինչը գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։



















