Առևտուր, հանդիպումներ, հերթեր. Բազմաթիվ մարդիկ շարունակում են լուրջ չվերաբերվել սահմանափակումներին

Չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով այսօր իշխանությունները ևս 30 օրով երկարաձգեցին արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ, հասարակական վայրերում, մասնավորապես, սուպերմարկետներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, ինչի մասին ահազանգում են տարբեր մարդիկ՝ սոցիալական ցանցերում հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: 

Հիշեցնենք, որ մարտի 15-ին, երբ Հայաստանում արձանագրվել էր ընդհանուր առմամբ 28 կորոնավիրուսով վարակվածության դեպք, ՀՀ Կառավարությունը երկրում մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարեց, արգելվեց տնից առանց ձևաթղթի և փաստաթղթերի դուրս գալ, կարևորվեց սոցիալական և ֆիզիկական հեռավորությունը միմյանցից, իսկ սուպերմարկետներում առավոտյան 10-12-ը հայտարարվեց հատուկ ժամ՝ խոցելի խմբում գտնվող 65-ից բարձր տարիքի մարդկանց համար: 

Ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 977 հաստատված և մահվան 13 դեպք կա, սակայն նույնիսկ նման իրավիճակում շատերը շարունակում են լուրջ չմոտենալ ստեղծված բարդ և անկանխատեսելի իրավիճակին: 

«Ես չեմ հավատում, սարքած բան ա, ինչ վիրուս, ինչ բան»,- «Մեդիալաբին» ասում է 65-ամյա Տիգրան Մաթևոսյանը,- ոչ մի բան էլ չկա ու չի կարա լինի, հայաթում ամբողջ օրը էդ ենք քննարկում»: 

Մաթևոսյանի նման մտածողները քիչ չեն, դրա վկայությունը Երևանի և Հայաստանի մի շարք քաղաքներից ստացվող լուսանկարներն են՝ մարդաշատ փողոցներով և հասարակական վայրերով: 

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի Ֆեյսբուքի էջի։

Լուսանկարը՝ Գայանե Ղարագյոզյանի

Իսկ սուպերմարկետներում հատկապես Զատկին նախորդող այս օրերին առանձնապես մարդաշատ է, բազմաթիվ մարդիկ տոնական առևտուր են անում՝ առանց դիմակների, ձեռնոցների և ֆիզիկական հեռավորություն պահելու: 

Սոցիալական ցանցերում օգտատերերը մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի առևտրի կենտրոններում, մասնավորապես, մեծ սուպերմարկետներում, այդ թվում՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում մարդկանց հոսքը չի վերահսկվում և սուպերմարկետում միաժամանակ գտնվում են բազմաթիվ հաճախորդներ, ինչը կարող է վարակի տարածման լուրջ վտանգ լինել։

«Բայց դուք ասենք Պրոսպեկտի City կամ մնացած այլ խոշոր սուպերմարկետներ մտե՞լ եք… ներսում մինիմում 200-250 հոգի մարդ կա միաժամանակ։ Թե՞ այնտեղ անտիվիրուս է Install արած»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է երգիչ Վահագ Ռաշը։ 

Որոշ օգտատերեր դժգոհում են, որ իրենց կողմից բոլոր կանոնների պահպանումը որևէ երաշխիք չի կարող լինել մեկ անգամ սուպերմարկետ մտնելու դեպքում։ 

Ֆեյսբուքում այսօր նաև շրջանառվում է լուսանկար, որից երևում է, որ Զատկի տոնին ընդառաջ մեծ հերթ է կուտակվել Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի շուրջ։

Ֆեյսբուքի օգտատեր Արման Հայրապետյանը, կցելով լուսանկարը, գրել է․
«Իմաստը ո՞րն է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու, եթե դրա պահպանմանն այսպես եք հետևելու, ավելի ճիշտ՝ չհետևելու։ Այո, քաղաքացիների զգալի կամ մի մասը չի գիտակցում, թե արտակարգ դրությունն ինչ է և ինչ նպատակով է կիրառվել, իսկ պետությունն ինչի՞ համար է, պարետատունն ինչի՞ համար է ստեղծվել։ Միայն մեզ սմսներ ուղարկելո՞ւ»:


«Ո՞րն է իմաստը արգելել առավոտը 10-ից հետո հեծանիվ քշելը, բայց չհետևել, որ մարդիկ սուպերմարկետներում իրար գլխներով ման չգան։ Կամ ոստիկանություն մտցրեք խանութները և մարդկանց ուժով պարտադրեք 1,5 մետր իրարից հեռու կանգնել, կամ թարգեք պարետա-տուն-տունիկ խաղալը։ Էսօր խանութներում ավելի շատ մարդ վարակվեց, քան հեծանվորդները կարող էին դա անել մոտակա 10 տարում»,- գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ։

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու «Մեդիալաբի» երկարատև փորձերն անհաջողության մատնվեցին: 

Անհնար էր նաև կապ հաստատել պարետատան թեժ գծի հետ և որոշ պարզաբանումներ ստանալ ստեղծված իրավիճակի շուրջ: 

Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում քայլեր են ձեռնարկվում իրավիճակը քիչ թե շատ վերահսկելի դարձնելու համար: 

Սուպերմարկետներում կուտակումներ չստեղծելու ու վարակի տարածմանը չնպաստելու համար, օրինակ՝ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում գործում է հատուկ կարգ: 

Օրեր առաջ Ֆրանսիայում բնակվող Լյուսի Բոլյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշել էր, որ խանութ գնալիս պետք է պահպանել որոշակի հեռավորություն: «Խանութ գնալիս հաճախորդները պահպանում են որոշակի հեռավորություն, մեծ թվով մարդիկ միաժամանակ խանութ չեն մտնում»,- նշել էր նա։

Նույն մոտեցման մասին էր խոսել նաև ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող Նանո Հովսեփյանը․ «Խանութի աշխատողները սահմանափակում են իրականացնում խանութ ներս մտնողների, թույլ չեն տալիս ամբոխով մտնելու, անպայման դրսում սպասում ենք, որոշակի քանակություն են ներս թողնում։ Պարտադիր նաև պետք է դիմակներով տնից դուրս գանք, և խանութները ներս չեն թողնի, եթե դիմակ չեք կրում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում իրավիճակն արդեն վերահսկողությունից դուրս է գալիս: Նա նշել է, որ հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։

«Վիրուսի շրջանառությունը՝ որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, և անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել:

Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ որ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»,- նշել է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am