ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով շուրջ 900 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի

ԱՄՆ-ի արևելյան նահանգներում նոյեմբերի 26-ի երեկոյան մոլեգնած փոթորկի հետևանքով շուրջ 900 հազար տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

Գոհաբանության տոնի ընթացքում անբարենպաստ եղանակից առավելապես տուժել են Փենսիլվանիա, Նյու Ջերսի և Մերիլենդ նահանգները։ Էլեկտրաէներգիայից զրկվել է համապատասխանաբար 196 հազար, 175 հազար և շուրջ 136 հազար սպառող։

ԱՄՆ-ի արևելյան ափի երկայնքով, մասնավորապես՝ Վիրջինիա նահանգում, ջրհեղեղներ են գրանցվել։ Ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել։ Նյու Ջերսիում նոյեմբերի 25-ից արտակարգ դրություն է գործում։

Ուժեղ տեղումների և փոթորկի պատճառով ամբողջ երկրում չեղարկվել է շուրջ 400 ավիաչվերթ, ևս ավելի քան 2000-ը՝ հետաձգվել։