Հարցազրույց Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ՝ Վետերանների միության նախագահ Էհթիմադ Ասադովի, կազմակերպության փոխնախագահ Ֆիրուդին Մամեդովի, Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամ Ֆահրադին Սաֆարովի հետ:
– Ինչպե՞ս են այսօր ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն Ադրբեջանում: Ինչպե՞ս են հասարակությունն ու պետությունը վերաբերվում պատերազմի հաշմանդամներին:
Էհթիմադ Ասադով- Ադրբեջանում կա Ղարաբաղյան պատերազմի 11 306 հաշմանդամ: Նրանցից 881-ը՝ առաջին, 8 194-ը՝ երկրորդ եւ 2 231-ը երրորդ կարգի հաշմանդամներ են: Չնայած, որ պետությունը հոգում է Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների մասին, այնուամենայնիվ, չնչին թոշակ է տալիս: Իհարկե, հաշմանդամներին բնակարաններ, ավտոմեքենաներ, անվճար բուժում եւ դեղորայք, սայլակներ, օրթոպեդիկ պրոթեզներ են տալիս, կազմակերպում են բուժում երկրի առողջարաններում եւ արտասահմանում: Պետության եւ հասարակության վերաբերմունքը լրիվ նորմալ է: Խնդիրներ առանձին պաշտոնյաների դեպքում լինում են, որոնք երբեմն չեն արձագանքում հաշմանդամների դիմումներին, ձգձգում են այս կամ այն հարցի լուծումը:
Ֆիրուդին Մամեդով- Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների սոցիալական վիճակը վատ է: Պետությունը 2 500 հաշմանդամների բնակարաններ է հատկացրել: Ավելի քան 5 հազար հաշմանդամներ դեռ հերթի մեջ են: Պետական բուժհիմնարկներում հաշմանդամներին անվճար բուժում է տրամադրվում, սակայն դա չի վերաբերում մասնավոր հիվանդանոցներին: Հաշմանդամների իրավունքներն ապահովող օրենքներ կան, սակայն դրանց կեսը չի գործում: Պետությունը հաշմանդամներին լրացուցիչ վաստակի հնարավորություն չի տալիս: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այն անտարբեր է հաշմանդամների խնդիրների նկատմամբ, այդպիսի վերաբերմունք ունեն նաեւ պաշտոնյաները: Շատ դեպքերում հերթում կանգնած հաշմանդամին չեն զիջում, մի՞թե սա անտարբերության ցուցանիշ չէ: Պաշտոնյաները Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների խնդիրները չեն լուծում, ինչը նույնպես անտարբերության դրսեւորում է:
Ֆահրադին Սաֆարով- Չնայած, որ Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների եւ վետերանների նկատմամբ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները կարծես թե պահպանված են, դեռ կան պետության եւ հասարակության ուշադրությունից դուրս մնացած հարցեր: Մասնավորապես, պաշտպանության նախարարությունն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում հաշմանդամների եւ վետերանների վրա, կարծես նրանք գոյություն չունեն:
Դա նրանց պատիվ չի բերում: Ես նախկին ուսուցիչ եմ, սակայն կրթության նախարարությունը նույնպես չի հետաքրքրվում նախկին ուսուցիչների աշխատանքի ապահովման հարցով, որոնք իրենց առողջությունը կորցրել են պատերազմի դաշտում: Կարդալ ավելին