Հոկտեմբերի 5-ին «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման էր «Մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»:
Ուսումնավարժանքի նպատակներն էին`
• կատարելագործել «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների դեպքում.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում.
• կատարելագործել տեխնիկայի, գույքի, հատուկ փրկարարական սարքավորումների, անհատական պաշտպանության և բուժօգնության միջոցների կիրառման գործում ստորաբաժանումների անձնակազմերի գործնական հմտությունները:
Սցենարի համաձայն` «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի դեպոյի տարածքում վագոնների վերանորոգման աշխատանքների ընթացքում հրդեհ էր բռնկվել: Աշխատակիցները սեփական ուժերով ձեռնարկել էին նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն չէին կարողացել մարել հրդեհը և այն տարածվել էր հարակից վագոններ ու կայարան: Րոպեներ անց մետրոպոլիտենի աշխատակիցները ահազանգեցին 911 ծառայություն, քանի որ հրդեհը տարածվում էր և կային տուժածներ:
Պայմանական դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ այրվող վագոնում փակված է մնացել 5 աշխատակից: Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջումը և այրվող վագոնից դուրս բերելով «տուժածներին»` նրանց հանձնեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադներին։ Այդ ընթացքում ոստիկանության հաշվարկները շրջափակել էին տարածքն ու սահմանափակել երթևեկությունը:
Ուսումնավարժանքի արդյունքներն ամփոփելիս Երևանի մետրոպոլիտենի առաջին բաժնի պետ Ռոմիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
– Նման միջոցառումներ պետք է անցկացվեն բոլոր մարդաշատ օբյեկտներում: Մետրոպոլիտենում անցկացված ուսումնավարժանքը նախատեսված էր մեր ծրագրով, որպեսզի մենք միշտ պատրաստ լինենք նման արտակարգ իրավիճակներին: Վարժանքներից բացի` մենք նաև պարապունքներ ենք անցկացնում մեր աշխատակիցների հետ: Մենք պայմանագիր ունենք ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ և հրավիրում ենք իրենց դասախոսներին` մեր աշխատակիցներին համապատասխան գիտելիքներ տալու նպատակով:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշեց, որ ուսումնավարժանքն իրականացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ: Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում հրշեջ-փրկարարների պատրաստվածությունն ու կատարած աշխատանքը, գնդապետ Ղազարյանը պատասխանեց.
– Հրշեջ-փրկարաներն իրենց առաջադրանքը կատարեցին գերազանց: Կային աննշան թերություններ, բայց նման ուսումնավարժանքներն իրականացվում են հենց այդ թերությունները շտկելու համար, որպեսզի, Աստված մի արասցե, եթե իրական դեպք լինի, նույն բացթողումներն ու թերությունները չկրկնվեն: