«Դոլարի փոխարժեքի նվազումը կանգնել է, դրա համար էլ ճգնաժամը չի խորանում, բայց արտահանման հետ կապված խնդիրները չեն վերացել». Վահրամ Միրաքյան

Հայաստանում արտահանման ոլորտում եղած խնդիրները դեռ կան, և դրանց լուծմանն ուղղված պատկան մարմինների գործողությունները կամ բավարար չեն, կամ ոչ արդյունավետ. արդյունքում արտահանողները շարունակում են վնասներ կրել:

«Առկա խնդիրները չեն վերացել, բնականաբար, չեն էլ խորանում, որովհետև դոլարի փոխարժեքի նվազումը կանգնել է, էդ առումով ճգնաժամային վիճակը չի խորանում, բայց խնդիրները չեն վերացել, կվերանան այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը կգա նախկին դիրքին»,- «Մեդիալաբին» ասում է «Մանթաշյանց» գործարարների  միության նախագահ Վահրամ Միրաքյանը:

Հիշեցնենք, որ արտահանման ոլորտում խնդիրները զգալ տվեցին, երբ դոլարի փոխարժեքի կտրուկ անկմանը զուգահեռ սկսեց արժևորվել հայկական դրամը, ինչը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, շատ վատ անդրադարձավ հատկապես արտահանմամբ զբաղվող ընկերությունների վրա:  Իրավիճակը վերահսկելու և առկա խնդիրներին նորերը չգումարելու համար մի քանի կազմակերպություններ վերջերս բաց նամակով դիմել էին ՀՀ կենտրոնական բանկին, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել դրամի արժևորումը կանխելու համար:

Պատկան մարմինների հետ երկխոսությունը, ըստ Միրաքյանի, իր արդյունքը տվել է այն առումով, որ սկսել են ավելի լավ պատկերացրել իրավիճակը, ընդհանուր ըմբռնման եկել:

«Հիմա տեսնենք, փոխադարձ առաջարկներով ենք հանդես եկել: Էկոնոմիկայի նախարարության հետ առաջիկայում էլի պետք է հանդիպենք: Օգնության մի քանի սցենար կա՝ ընդհուպ մինչև վնասի փոխհատուցում, բայց առայժմ հստակ որևէ բան որոշված չէ»,- ասում է Միրաքյանը:

Նրա խոսքով, արտահանողները շարունակում են վնասներ կրել, ոմանք էլ ուղղակի դադարեցրել են գործունեությունը: Ինչ վերաբերում է Վերին Լարսի պարբերաբար փակվելուն, ապա ըստ Միրաքյանի, այդ ճանապարհը վերջին տարիներին իրենց «հիմնական գլխացավանքն» է եղել ու մնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am