«Բոլո՛րդ իմացած եղեք, ինձ համար այսօր ամենակենսականն ու կարևորը հայրենիքիս փրկությունն է»․ Վահան Բադասյան

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը գրել է․

«Բարև հայ մարդ ,ես Վահան Բադասյանն եմ.

Սա քաղաքական կոչ չէ՛ ,այլ …զրույց։ Խոսքս ուղղում եմ ցանկացած ՀԱՅԻ,առանց տարանջատման թե որտեղացի է, ուղղում եմ ցանկացածին`ընկեր, ընկեր, համախոհ, ոչ համախոհ, սատարող, չսատարող, մեղադրող կամ գովաբանողին։ Այս դժնի օրերին, ազգս ու երկիրս նորից հուսահատ կանգնած է կործանման եզրին։

Ես վերադարձել եմ Արցախ և պիտի լծվեմ Արցախը հայ պահելու ,Արցախը շենացնելու,Արցախը ոտքի հանելու և առողջացնելու անհրաժեշտ և անհետաձգելի գործին։Մի կողմ դնելով իմ բոլոր քաղաքական տարաձայնություններն Արցախի ղեկավարության հետ,ես անձամբ դիմել եմ Արցախի նախագահին , առաջարկել իմ աջակցության ծրագիրն ու պատրաստակամություն հայտնել ծառայելու իմ ազգին ու երկրին։

Իմ առաջարկություններն ընդունվել են և ես պատրաստ եմ մինչև վերջին շունչս ծառայել այդ սուրբ գործին` ոչ միայն ռազմի դաշտում, այլև Արցախ աշխարհս կորստից փրկելու և շենացնելու գործին ։ Այս ծանր աշխատանքին լծվելը շատերդ ընդունեցիք որպես դավաճանություն սկզբունքներիս։Հենց սկզբունքներս են ինձ առաջնորդել մի կողմ դնել տարակարծություններս Արցախի ղեկավար կազմի հետ և սկսել փրկել ու կենդանացնել Հայրենիքս` կյանքիս գերագույն արժեքը, հանուն որի, պատրաստ եմ զոհել ամեն ինչ…

Բոլո՛րդ իմացած եղեք, ինձ համար այսօր ամենակենսականն ու կարևորը , Հայրենիքիս փրկությունն է։ Համառ ու տքնաջան աշխատանքով պիտի ապացուցենք մեր անմնացորդ սերն առ Հայրենիք։ Ես ուսերիս եմ վերցնում երկիրս փրկելու պարտքի, պարտականության և պարտաստակամության իմ բաժինը։ Ամենքս սկսենք մեզնից, ամենքս բարեխիղճ կատարենք Հայրենիքի վերանորոգման մեր պարտք`պահանջը։ Թեկուզ փոքր քայլերով ,սկսենք լուծում տալ ստեղծված իրավիճակին, ՍԿՍԵՆՔ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ։

Համաձայն չե՞ք ինձ հետ, շարունակե՛ք ձեր գզվրտոցը, զազրախոսությունն ու պաթոսախեղդ աթոռակռիվը։ Ես գնում եմ ԳՈՐԾՈՎ պաշտպանելու և պահպանելու մեր երկիրը։ Բոլորիդ մտքերին պարզություն և ավելի օգտակար լինելու կամք ու քաջություն»։