«Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության». Արտակ Զեյնալյան

28-01-2019
146 դիտում
«Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության». Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան աղմկահարույց դեպքին։ Զեյնալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի ընկերներ, հարգելի հետևորդներ

Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. Ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության:

Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունը Մհերի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բոլոր նրանց, ում ցավ է պատճառել Մհերի մահը:

Կատարվածի մասին երկու օր հետո եմ բացատրություն տալիս Ձեզ, քանզի որոշ հանգամանքներ ենթակա էին պարզման, իսկ առանց դրանց երկխոսությունս լիարժեք չէր լինի և այդ ընթացքում Արդարադատության նախարարի տեսակետները, դիրքորոշումները, արտահայտությունները կարող էին ազդեցություն ունենալ պարզման ենթակա հարցերի վրա կամ կարող էր ստեղծել տպավորություն, որ դրանք ազդեցություն են ունեցել:

Հարգելիներս.

Մհերը, հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Այսինքն, դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր և մինչև հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը)՝ պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ.

Հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը:

Մասնագետների կողմից առաջին ընդունելությունը կատարվել է «Նուբարաշեն» տեղափոխվելուց 24 ժամը չլրացած՝ 06.12.2018թ (Մհերը քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել դեկտեմբերի 5-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո)։ Հայտարարած հացադուլի դադարեցման և խնդիրն իրավական միջոցներով կարգավորելու նպատակով բաժնի աշխատակիցները կատարել են ամենօրյա ընդունելություններ, իրականացրել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։ Դեկտեմբերի 6-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հիմնարկի երկու հոգեբանների կողմից կատարվել է 35 ընդունելություն, իսկ իրավաբանի կողմից՝ 4։ Հունվարի 23-ին էլ կատարվել է ընդունելություն՝ հիմնարկի ստացիոնար մասնաշենքը սպասարկող խմբի ղեկավարի կողմից:

Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական:

Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով:

Քրեակատարողական հիմնարկի անձնակազմն, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք են տարել Մհերի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: 

17.01.2019թ Մհերը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Մյուս մանրամասներն արդեն գիտեք, որ հացադուլից դուրս գալուց շուրջ տասն օր հետո, Մհերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և հրավիրված շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը: Քննչական կոմիտեն էլ, տեղյակ եք, հրապարակեց դատաբժշկական փորձաքննության արդյունքը. մահը վրա էր հասել սրտամկանի ինֆարկտի պատճառով:

Մի քանի հավելյալ տվյալ էլներկայացնեմ ՔԿՀ-ի կողմից Մհերին տրամադրված բուժօգնությունից․

1. 18.12.2018թ զննվել է նյարդահոգեբույժի կողմից,

2. 24.12.2018թ Մհերի ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 17:25 կանչվել է շտապ օգնություն, 17:40-ին ժամանած բուժօգնության բրիգադը ժամը 18:45-ին վերջինիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրականացվել է որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն. ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։

3. 09.01.2019թ, կրկին ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 16:40-ին կանչվել է շտապ օգնություն: 17:15 ժամանած բուժօգնության բրիգադըժամը 17:40-ին Մհերին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն. պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։

4. 22.01.2019թ զննվել է թերապևտի կողմից, գանգատվել է ընդհանուր թուլությունից, առաջարկվել է շարունակել հսկողությունը հիմնարկի ստացիոնար պայմաններում։

5. 25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։

Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում:

ՔԿՀ-ի ու նրա անձնակազմի գործողություններից ու վերաբերմունքից բավարարված են եղել նաև Մհերի ընտանիքի անդամներն ու նրա փաստաբանը: Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահացության յուրաքանչյուր դեպք ցավալի է մեզ համար՝ առանց բացառության, թե ինչի արդյունքում և հետևանքով է մահը վրա հասել: Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Մեկ անգամ ևս՝ անձի կալանավորման պատճառների ու հիմքերի հետ Արդարադատության նախարարությունն առնչություն չունի և իրավունքի էությունից բխում է, որ՝ չպետք է ունենա. Նախարարությունը պատասխանատու է դատարանի որոշումը կատարելու համար»: