Սահակաշվիլու փողկապ ուտելուց մինչև ժողովրդավարություն. «Հայաստանում այդ մասին երազելը նույնիսկ անիմաստ է»

Սահակաշվիլու փողկապ ուտելուց մինչև ժողովրդավարություն. «Հայաստանում այդ մասին երազելը նույնիսկ անիմաստ է»
Սահակաշվիլու փողկապ ուտելուց մինչև ժողովրդավարություն. «Հայաստանում այդ մասին երազելը նույնիսկ անիմաստ է»

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության աննախադեպ հաղթանակը և իշխանությունների` պարտությունն ընդունելը, Հայաստանում շատերին կրկին ստիպել է նախանձով խոսել հարևան երկրում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարությանն ընդառաջ քայլերի և իշխանությունների կամքի մասին:
«Ազգային ժողովի դահլիճում շատերը ծաղրում էին Սահակաշվիլիին, որ նա փողկապ է ուտում, բայց նա ստեղծել է մի երկիր, ուր ընդդիմությունը կարող է հաղթել,- հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը,- իսկ մեր երկրում ընդդիմությանը հանձնում են դատարանների ձեռքը` բոլորովին անհիմն ձևով»:
«Ձեր երկիրը ևս մեկ անգամ ստեղծում է հաճելի նախադեպ մեր տարածաշրջանի համար,-«Վրացական երազանքին» ուղղված շնորհավորական նամակում գրել է ընդդիմադիր ՀԱԿ դաշինքի անդամ, ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը՝ «պատմական» որակելով տեղի ունեցածը` հույս հայտնելով, որ վրացական օրինակը կարող է փոփոխություններ բերել նաև Հարավային Կովկասի երկրներին:
Նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ, երբ իշխանությունները տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումներում սկսել է մատ թափ տալ` ի նշան խստության, ակտիվացրել կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունները և խոստանալ երկրի հետագա զարգացման համար մեծ քայլեր կատարել, շատերը թերահավատ են, թե առաջիկա ընտրություններն էականորեն և որակական առումով տարբերվելու են նախորդներից:

Թեև հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հավատացրել է, թե ամեն ինչ անելու են Վրաստանի հետ «շատ լավ» հարաբերություններ պահպանելու համար, անկախ նրանից, թե ով կլինեն իշխանությունները, քանի որ «հարգում ենք վրաց ժողովրդի որոշումը», այնուամենայնիվ նախագահական ընտրություններին ընդառաջ շատերը թերահավատ են, թե իշխանությունները կհարգեն նաև «հայերի որոշումը»:

«Վրաստանը հրաշալի օրինակ է, թե ինչպես է հնարավոր ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, ինչը, ցավոք, Հայաստանում արդեն որերորդ անգամ հնարավոր չի լինում,- «Մեդիալաբին» ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: – Գիտեք, պետք է արժանին մատուցել Վրաստանի ժողովրդին և թե իշխանությանը, որն արժանապատիվ ընդունեց իր պարտությունը, չփորձեց օգտագործել իշխանության բիրտ լծակները, կեղծել»:

Այնուամենայնիվ, 2008-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, երբ ուժայինների հետ բախումների հետևանքով առնվազն 10 զոհեր և հարյուրավոր ընդդիմության համակիրների ձերբակալություններ եղան, իշխանության կոալիցիոն խոշոր կուսակցություն համարվող ԲՀԿ-ն, որն այսօր իրեն ընդդիմություն է համարում, չի հավատում, թե «Վրացական երազանքի» օրինակը այս ընտրություններում կարող է նյութականանալ Հայաստանում:

«Ուզում եմ հուսալ, որ մի օր կունենանք նման ընտրություններ, բայց վստահ կարող եմ ասել, որ առաջիկա ընտրություններում հաստատ այդ մասին երազելն անիմաստ է, քանի որ Հայաստանի իշխանությունները նման քաղաքական կամք չունեն»,- ասում է Զոհրաբյանը:

Սակայն, իշխանական ՀՀԿ մամլո խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավատացնում է, որ իշխանությունները մշտապես էլ քաղաքական կամք են դրսևորել և հարգել հայ ժողովրդի կամքը:

«Ժողովրդավարության առումով Հայաստանն ամենևին չի զիջում Վրաստանին և ոչ միայն չի զիջում, այլև տարածաշրջանի ամենաժողովրդավար երկրներից մեկն է- «Մեդիալաբին» ասում է Շարմազանովը: – Հիմա մենք ինչ մեղք ունենք, որ ժողովուրդը վստահում և ձայն է տալիս մեզ»:

Սակայն, ի տարբերություն իշխանությունների, «Ժողովրդավար Հայաստանի» քաղաքական անկախ վերլուծաբան Երվանդ Բոզոյանը կարծում է, որ «Վրաստանից պետք է սովորել»:

«Հայաստանը հիմա նման է Շևարդնաձեի ժամանակների Վրաստանին` ոտքից գլուխ կոռումպացված… Սահակաշվիլին եկավ ու մաքրեց Վրաստանը կոռուպցիայից, տնտեսական առաջընթացը ևս ակնհայտ է: Այս դեպքում, եթե հայերն իրենց վրացիներից խելոք են համարում, պիտի վերցնեն «փոխանցիկ դրոշը» և բարեփոխումները»,- ասում է նա:

Կոռուպցիան, որի պայքարի շուրջ խոսակցություններն առավել քան երբեք թեժանում են նախընտրական շրջանում` ընդգրկվելով բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում, տարիներ շարունակ, ըստ միջազգային կազմակերպությունների, Հայաստանում գտնվում է «լճացած» վիճակում:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալների` վերջին տարիներին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մեծ հաշվով փոփոխության չի ենթարկվում, ի տարբերություն Վրաստանի, որը թռիչքային բարելավում է արձանագրել:

2011 թվականի զեկույցում, 183 երկրների շարքում Հայաստանը կիսում էր 129-133-րդ տեղերը` Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Սիրիայի և Ֆիլիպինների հետ: 0-10 գնահատման սանդղակում, ուր 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 10-ը` բացակայությունը, Հայաստանն անցած երկու տարիներին պահպանել է 2,6 ցուցանիշը` հայտնվելով կազմակերպության մինչև 3 միավոր ցուցանիշ ունեցող երկրների շարքում, ուր կոռուպցիան համակարգային է և հանդիսանում է պետական համակարգի գործունեության նախապայման:

33-ամյա լեզվագետ Քրիստինե Ավագյանը Հայաստանի և Վրաստանի իրավիճակները համեմատում է երկու երկրների սահմանակետերի հետ:

«Վրաստանի սահմանակետին հասնելու համար անցնում ես հայկական գյուղերի միջով, ուր ճանապարհներն ահավոր են, փոշի, քանդված, իսկ վրացական կողմում մի քանի տարում ամեն ինչ հրաշալի նորոգել են: Ես շատ կուզեի, որ մեզ մոտ էլ խորքային և արմատական փոփոխություններ լինեին, և իշխանություններն ընտրությունների ժամանակ իրոք հարգեին ընտրողների կամքը»,- ասում է նա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը փոփոխություն այնուամենայնիվ տեսնում է:

Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը «առողջ պայքարի առումով նման են»: Խոսելով հինգերորդ գումարման խորհրդարանում ընդդիմության առկայության, ՀԱԿ-ի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ելույթների և սուր հարցադրումների մասին` նա նշել է, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «ընդդիմությունը մարտահրավեր է նետում իշխանությանը»:

© Medialab.am