Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է

08-02-2019
715 դիտում
Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է

Մենք պարզեցինք, որ փետրվերի 8-ին Սիրիա ուղարկված 83-հոգանոց մարդասիրական առաքելության կազմում կան ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչը հակասում է օրենքի պահանջին։

Այսօր՝ փետրվարի 8-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։ Մենք պարզեցինք, որ խումբն ուղարկվել է օրենքի ակնհայտ խախտմամբ:

Ըստ ՊՆ-ի, ուղարկված խումբը ծավալելու է ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման և բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում:

Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն, պարզեցինք, որ 83-հոգանոց խմբի կազմում են բժիշկներ, սակրավորներ և ռազմական ոստիկանության ծառայողներ, որոնք պետք է ապահովեն բժիշկների և սակրավորների անվտանգությունը։ Բացի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուսները քաղաքացիական անձինք են։

Ըստ այդմ, հարկ է անդրադառնալ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքին, որով սահմանվում են ռազմական ոստիկանության խնդիրները։ Այդ խնդիրներն են՝ հետաքննության իրականացումը զինված ուժերում, զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, պետական գույքի պահպանումը, ԶՈՒ տրանսպորտային միջոցների շահագործումը, կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը և անվտանգ երթևեկությունը։

Խնդիրների մեջ, սակայն, չի նշվում քաղաքացիական անձանց պաշտպանության մասին որևէ դրույթ։ Չկա նաև որևէ դրույթ, որը կամրագրի ռազմական ոստիկանության ներգրավումը հումանիտար առաքելություններում:

Ավելին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը ամրագրում է, որ ռազմական ոստիկանության առջև այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով: Այսինքն, պաշտպանության նախարարը կամ վարչապետը չէին կարող օրենքով չնախատեսված խնդիր դնել ռազմական ոստիկանության առջև:

Հետևաբար՝ ռազմական ոստիկաններին Սիրիա ուղարկելը կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ։

Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները սկսել են 2011 թվականից: 2015 թվականից սիրիական հակամարտության հիմնական կողմերից է Ռուսաստանը, որի խնդրանքով էլ Սիրիա է մեկնել հայկական հումանիտար խումբը:

Աղբյուրը` www.Fip.am