«Հայաստանին զենք է պետք, բայց Հայաստանը զենքի փող ունի՞». քաղաքագետը՝ Ռուսաստանից 100 մլն դոլար հերթական վարկ վերցնելու մասին

18-02-2019
1178 դիտում
«Հայաստանին զենք է պետք, բայց Հայաստանը զենքի փող ունի՞». քաղաքագետը՝ Ռուսաստանից 100 մլն դոլար հերթական վարկ վերցնելու մասին

Հայաստանի քայլը՝ Ռուսաստանից 100 մլն դոլար հերթական վարկ վերցնելու և սպասարկելու ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, այնքանով է հասկանալի, որ մեզ զենք է անհրաժեշտ, իսկ այն Ռուսաստանից գնելու համար փող չկա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Հայաստանին զենք պե՞տք է, թե՞ ոչ. եթե Հայաստանին զենք պետք է, այդ ժամանակ երկրորդ հարցն է ծագում՝ Հայաստանը զենքի փող ունի՞, թե՞ ոչ: Այստեղ կա երկու տարբերակ. եթե փողն ունի, ապա պետք է ծախսի այդ զենքի վրա, եթե չունի, ապա պետք է վարկ վերցնի և այդ վարկով փակի անհրաժեշտ զենքի մատակարարումը: Հիմա մենք տեսնում ենք, որ մեզ մոտ երկրորդ տարբերակն է, հետևաբար, այդ քայլը դրանով իսկ դառնում է հասկանալի»,- ասում է Մեհրաբյանը:

Հիշեցնենք, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ ընթացիկ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի ավարտից հետո Հայաստանը կարող է նոր ռազմական վարկ ստանալ Ռուսաստանից: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ խոսքը 100 մլն դոլարանոց վարկի մասին է: Այս պահին, նրա խոսքով, դեռ հստակ ժամկետներ չկան, թե երբ է այդ վարկը վերցվելու: Նախորդ պայմանագրով, որը 200 մլն դոլար արժողությամբ էր, 2016 թվականին Հայաստանը Ռուսաստանից, ի թիվս այլ զինատեսակների, նաև «Իսկանդեր» էր ձեռք բերել:

Նշենք, որ նախորդ տարեվերջին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական ՋոնԲոլթոնը Երևանում հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է սպառազինություն մատակարարել Հայաստանին: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ այդ գործընթացը ձգձգվում է, քանի որ ամերիկյան կողմից նախաձեռնություն չկա:

«Նաև հայկական կողմն ասում է, որ ԱՄՆ-ի կողմից առայժմ կոնկրետ առաջարկներ չկան: Ընդհանուր խոսակցություն է եղել է, բայց կոնկրեը առաջարկ չեն եղել»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ պատճառը գուցե այն է, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի դիտարկում որպես ռազմավարական գործընկերոջ:

Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանից հերթական ռազմական վարկ ստանալու մասին մտադրության մասին հայտարարում է այն տեղեկատվության ֆոնին, որը վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել: Իսրայելական Aeronautics ռազմական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանում մրցույթ է հաղթել, 13 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրելու, որով ընկերությունը սպասարկելու է նախկինում վաճառված Orbiter 1K անօդաչու սարքերը:

Նշենք, որ Իսրայելի իշխանությունները 2017 թվականին կասեցրել էին ընկերության արտոնագիրը այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Ադրբեջանում գտնվող մասնագետներին խնդրել էին հարվածել Հայաստանի զինված ուժերի դիրքերին: Իսրայելական մամուլը գրել է, որ մասնագետները հրաժարվել էին կատարել առաջադրանքը, և գործողությունն իրականացրել են ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչները: Այս տարվա փետրվարին Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերացրել է ընկերության նկատմամբ սահմանված արգելքը:

Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ ադրբեջանա-իսրայելական այս գործարքը Հայաստանի իշխանությունների՝ 30 տարի շարունակ վարած քաղաքականության հետևանք է:

«Մենք ականատեսն ենք լինում այն փաստին, թե անցած գրեթե 30 տարվա ընթացքում Հայաստանն ինչ անտարբերությամբ է վերաբերվել Հայաստան-Իսրայել հարաբերություններին: Եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջև այս գործարքը դրա տրամաբանական շարունակություն է: Պետք է այդ բացթողածը շատ արագ վերականգնել»,- նշում է Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է ինտենսիվացնի իր քաղաքական կապերը Իսրայելի հետ: Պետք է արագացվի Իսրայելում Հայաստանի, իսկ Հայաստանում՝ Իսրայելի դեսպանատների բացումը:

«Հայաստանը չափազանց մեծ կարևորություն պետք է տա այդ հարաբերություններին և այդ իմաստով նայի դեպի ապագա: Եվ իհարկե, Հայաստանը պետք է կարճաժամկետ առումով այնպես անի, որ այդ գործարքն իրականություն չդառնա: Դիվանագիտական խողովակներով պետք է հասնել դրան: Նախևառաջ Իսրայելի հասարակական կարծիք վրա պետք է ազդեցություն գործադրվի, որ հասկանան՝ այդ գործարքը բարոյապես վնասակար է Իսրայել պետության համար, այդ մատակարարումը Կովկասում միակ բռնապետությանը ամենևին էլ Իսրայելի իմիջի վրա դրական չի կարող ազդել»,- շեշտում է նա:

Մեհրաբյանը նաև նկատում է, որ հայկական կողմը պետք է ջանք ու եռանդ չխնայի՝ իսրայելական կողմին հասցնելու այն մտահոգությունը, որ Ադրբեջանին մեծաքանակ զենքի մատակարարումը կարող է վնաս հասցնել Հայաստանի անվտանգությանն ու խախտել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am