«Պետք է ենթադրել, որ ռազմական գործողությունների դեպքում Իրանը կօգտագործի և՛ իր քաղաքական, և՛, հավանաբար, նաև ռազմական ներուժը». իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում իրանագետ Գարիկ Միսակյանը

Պարո՛ն Միսական, Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը հերթականը կարելի՞ համարել, թե՞ տարածաշրջանային իրադարձություններն են այս հեռախոսազանգի հիմքում:

– Հաշվի առնելով վերջին զարգացումները և՛ հայ-իրանական սահմանին, և՛ հայ-ադրբեջանական սրացումները Արցախի Հանրապետության տարածքում՝ կարելի է ենթադրել, որ հերթական հեռախոսազրույց չէր: Փաստը, որ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի կարևոր շեշտադրումներ էին արվել ու հրապարակվել, նույնպես վկայում է, որ տարածաշրջանային խնդիրներից ելնելով է տեղի ունեցել հեռախոսազրույցը:

Իրանի նախագահը նորից վերահաստատել էր Իրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության փոփոխությունների հետ կապված, այսինքն՝ հայ-իրանական սահմանի ու «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը: Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ Իրանի նախագահին մանրամասնորեն ներկայացվել է հայ-ադրբեջանական վերջին սրացման խնդիրը, այսինքն՝ Իրանը բավականին հետաքրքրված է եղել տարածաշրջանային խնդիրներով: Նշվել է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

– Ադրբեջանական սադրանքների, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իրանական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի: Արդարացվա՞ծ են հայաստանյան որոշ շրջանակների հույսերը, որ եթե հարցը հասնի սահմանային փոփոխություններին՝ Իրանն ակտիվ կմիջամտի այդ գործընթացին:

– Իրանի դիրքորոշումը հայ-իրանական սահմանի վերաբերյալ վերջերս թեհրանյան հանդիպումների ընթացքում հայտնել է նաև Իրանի հոգևոր առաջնորդը, որն ասել է, որ հայ-իրանական սահմանի փոփոխությունն անթույլատրելի է Իրանի համար: Այս հայտարարությունը կարևոր է, որովհետև հոգևոր առաջնորդի հայտարարությունը և՛ ամենալուրջն է Իրանի քաղաքական դաշտում մշտապես եղել, և՛ պետության արտաքին քաղաքականության ուղենիշը ու նաև մյուս գրեթե բոլոր կառույցների համար՝ որպես ուղենիշ-հրաման: Այսինքն՝ Իրանը ամենաբարձր մակարդակով հայտնել է իր դիրքորոշումը, որն այլևս փոփոխական չէ, քանի որ հայտարարել է հոգևոր առաջնորդը:

Ինչ վերաբերում է Իրանի միջամտությանը, խնդիրը մի քանի կետերից է բաղկացած. եթե հայկական կողմի համաձայնությամբ տեղի ունենա ինչ-որ փոփոխություն, ապա Իրանի գործիքակազմը բավականին քիչ է լինելու միջամտության համար, բայց նաև իրանական կողմը ևս բազմիցս հայտարարել է, որ եթե ուժի տեսանկյունից ելնելով Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն որևէ փոփոխություն կատարել Սյունիքի հայ-իրանական հատվածում, ապա Իրանը կմիջամտի, այսինքն՝ պետք է ենթադրել, որ ռազմական գործողությունների դեպքում Իրանը կօգտագործի և՛ իր քաղաքական, և՛, հավանաբար, նաև ռազմական ներուժը՝ խոչընդոտելու դա:

Մեկ փաստ ևս պետք է արձանագրել, որ Իրանին այս խնդրի շուրջ միջամտություն ցուցաբերելու կամ դիվանագիտական գործիքակազմը օգտագործելու համար անհրաժեշտ են նաև Հայաստանի համագործակցությունը և հայ-իրանական հարաբերությունների խորացումը, ինչը ևս նշվել էր այս հեռախոսազրույցի ընթացքում:

– Այդ ուղղությամբ հայկական դիվանագիտությունը պատշաճ աշխատանք կատարո՞ւմ է, պարո՛ն Միսակյան:

– Կխուսափեի գնահատականներ տալուց՝ դիվանագիտական համակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարգանքից ելնելով, բայց մշտապես կան հայտարարություններ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ու խոսվում է նաև Հյուսիս-հարավի վերաբերյալ, ինչն այս անգամ ևս շեշտվել էր ղեկավարների մակարդակով: Այսինքն՝ հավանաբար ղեկավարների մակարդակով ևս ընթացիկ որոշակի դժգոհություններ կան, ու մշտապես նշվում է, որ բավականին արագ պետք է ընթանա հայ-իրանական հարաբերությունների կարգավորումը բոլոր ոլորտներում, այյսինքն՝ դեռևս բավականին շատ աշխատելու տեղ կա:

– Իսկ Իրանն ի՞նչ հարաբերություններ ունի նույն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հնարավո՞ր է, որ այդ հարաբերություններից ելնելով՝ Իրանն ինչ-որ պահի փոխի դիրքորոշումը հայ-իրանական սահմանի վերաբերյալ:

– Իրանի ներկայիս կառավարության քաղաքականության հիմնական սկզբունքը, ինչի մասին հայտարարվել է բազմիցս, այն է, որ Իրանն իր բոլոր հարևանների հետ պետք է ունենա լավ հարաբերություններ, այսինքն՝ Իրանը բոլոր հարևանների հետ աշխատում է ունենալ և՛քաղաքական, և՛ տնտեսական լավ հարաբերություններ:

Հայ-ադրբեջանական տարաձայնությունները բավականին լուրջ կերպով փորձում են Իրանում տարանջատել, այսինքն՝ այնպես անել, որ հայ-իրանական հարաբերությունները չխանգարեն իրանա-ադրբեջանական հարաբերություններին և հակառակը:

Չեմ կարծում, թե Իրանը թույլ կտա իր արտաքին քաղաքականության մեջ՝ արդեն ռազմավարական նշանակություն ունեցող հայ-իրանական սահմանի խնդրին միջամտեն մյուս պետությունները, այսինքն՝ երբ հոգևոր առաջնորդի կողմից հայտարարություն է լինում խնդրի վերաբերյալ, դա նշանակում է, որ դա անփոփոխ է՝ մինչև հոգևոր առաջնորդի հաջորդ հայտարարությունը: Այսինքն՝ եթե անգամ արտգործնախարարությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավ հարաբերություններից ելնելով փորձի ինչ-որ քաղաքական փոփոխություններ անել, չի հաջողվի, որովհետև Իրանի արտաքին քաղաքականության կուրսը որոշվում է ոչ ԱԳՆ-ում:

– Այսինքն՝ Իրանը ցանկացած պարագայում իր պետական շահին դեմ չի՞ գնա, պարո՛ն Միսակյան:

– Իրանը որևէ պայմանով իր պետական շահին դեմ չի գնում, եթե խոսենք հենց Սյունիքի հատվածի և հայ-իրանական ցամաքային սահմանի մասին, այդ բոլոր հայտարարությունները միտված են ոչ թե Հայաստանին օգնելուն, այլ հենց իր համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանի պահպանմանը: Բարեբախտաբար, այս հարցում կա շահերի համընկնում, ու այն պետք է օգտագործել:

– Խոսակցությունները, որ հայ-իրանական սահմանին իրանական կողմից զորքերի կուտակում կա, համապատասխանո՞ւմ են իրականությանը, եթե այո՝ ի՞նչ նպատակ են հետապնդում այդ կուտակումները:

– Դժվար է միանշանակ ասել, բայց դատելով տեսանյութերից ու հայտարարություններից, նաև նախորդ տարվա ընթացքում Իրանի իրականացրած այդ խոշոր զորաշարժից հետո, նաև իրանական կողմում է նշվել, որ ոչ բոլոր զորքերն են վերադարձվել, այսինքն՝ մեծացել է սահմանի վերահսկողությունը, և վերջին սրացման ու ցանկացած սրացման դեպքում հայ-ադրբեջանական սահմանին, Իրանում պարբերաբար հայտնվում են տեսանյութեր զորքերի տեղափոխության հետ կապված, ինչը, չեմ կարծում, որ պատահական է:

Այսինքն՝ իրանական կողմը ցանկանում է հրապարակային ցույց տալ բոլոր կողմերին, որ սահմանային վերահսկողությունը հատկապես հյուսիսում՝ Կովկասի հատվածում, բավականին ուժեղացված է: Սա ավելի շուտ իր ներուժի ցուցադրությունն է ու նախազգուշացում հակամարտող բոլոր կողմերին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am