Լվացքի մեքենա

28-03-2019
3681 դիտում
Լվացքի մեքենա

Տեղեկատվական անվտանգությունը և կեղծ օրակարգերը սպառնում են դառնալ լրջագույն խնդիր ՀՀ անվտանգության համար: Խնդիրը միայն արտաքին անվտանգությանը չի վերաբերում: Այն էապես, այս դեպքում բացառապես, առնչվում է ներքին անվտանգության խնդիրներին: Հասկանալի է, որ նախկին՝ պարտված իշխանությունը, հանգիստ չէր մնալու: Այն ունի հսկայական ռեսուրսներ և դրանք օգտագործելու է՝ հարվածելու համար ներկայիս իշխանությանը:

Մյուս կողմից՝ այս դաշտում խաղում են երկրորդ նախագահի կողմնակիցները: Այս երկու թևերին գումարվում է այն զանգվածը, որը գոհ չէ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքից ու իր հերթին ստեղծում է տարատեսակ օրակարգեր՝ շատ դեպքերում չխորշելով ստից ու կեղծիքից:

Այս թևին լրացնում են օրվա դուդուկի տակ պարողները: Նրանք առանձնապես աչքի չեն ընկնում սեփական կարծիքն արտահայտելու ունակությամբ: Հիմնականում ազդեցության տակ են ու «ընդդիմադիր» թրենդի մեջ: Իհարկե կան նաև անկեղծ ու հիմնավոր դժգոհողներ: Ցավոք, նրանց մեծ մասի օբյեկտիվ դժգոհությունը կորչում է այս քաոսի մեջ:

Հենց այս նույն խմբերն են, որ ստեղծում են երևութական ու պայմանական թշնամիներ, պայքարում են այդ թշնամիների դեմ, աղաղակում են մեր գենին «սպառնացող» վտանգների, ՀԿ սեկտորի «քայքայիչ» գործունեության, Հայաստանի «օրհասական» վիճակի մասին: Նրանց գործունեությունը հիմնականում դրսևորվում է նախկիններին սպասարկող որոշ հեռուստաընկերությունների, մեդիադաշտի ու սոցիալական կայքերի միջոցով:

Շատ դեպքերում կա համակարգվածություն, իսկ որոշ դեպքերում՝ վերջին խմբի պարագայում՝ սպոնտան գործելաոճ: Մինչ աղաղակելը դավադրությունների մասին, հենց նրանք պետք է թափանցիկ ցույց տան, թե ինչի՛ համար են ֆինանսավորվում:

Այս գործելաոճի կրողները պատրաստ են գլխիվայր շուռ տալ ցանկացած թեմա, ընդհանուր համատեքստից կտրել ու ցինիզմի վերածել որևէ դրվագ, անլրջացնել ցանկացած գործընթաց և իրողություն, թիրախ դարձնել ցանկացածին: Ասածիս մեջ բնավ արգահատանք չկա: Սա պայքար է, և այդ պայքարն ունի իր գործիքակազմը: Ու բնական է տարատեսակ գործիքների, մոլորեցնող հնարքների կիրառումը: Հատկապես կա բաց դաշտ, որն իշխանությունը որևէ կերպ չի կարողանում փակել:

Նկարագրածիս փաստարկը հենց երեկ տեղի ունեցածն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձ կատարեց լրջագույն խնդիրների, հնչեցին իրավամբ քիչ, բայց կարևոր ու բովանդակային հարցեր, որոնք առնչվում են մեր կյանքի խնդիրներին: Իսկ ի՞նչ ունեցանք այդ ամենի արդյունքում:

Լվացքի մեքենա:

Օրվա ամենաքննարկվող թեման դարձավ վարչապետի ապառիկով գնած լվացքի մեքենան:

Հասկանալի է, որ մենք սովոր չենք դրան: Հասկանալի է, որ իշխանություններին առնչվող թեմաները ենթարկվել են կտրուկ բովանդակային փոփոխությունների: Հասկանալի է. մեզ համար խորթ է այն, որ երկրի ղեկավարը կարող է ունենալ ապառիկ: Սակայն այստեղ մեկ այլ՝ խորքային խնդիր կա: Ինչո՞ւ առաջին թեման դարձավ լվացքի մեքենան: Ի դեպ, «լվացքի մեքենան» այս դեպքում հանդես չի գալիս սոսկ լվացքի մեքենա: Այն դառնում է հետաքրքիր ու քաոտիկ խառնուրդի կենսաձև: Իրերի ու գործողությունների արտահայտման տիպիկ բնութագիր:

21-րդ դարը, զենքից զատ, նաև քարոզչական պայքարի դար է: Պայքար, որտեղ գործիքներն ու միջոցներն ավելի շատ են, քան զենքի բնագավառում: Գործիքների և միջոցների բազմությունն իր հետ բերում է նաև նենգության չափաբաժնի հարուստ ընտրանի: Բնական է, որ ցանկացած իշխանություն պետք է ունենա իր գործիքակազմը՝ հակազդելու անառողջ երևույթներին: Խնդրում եմ լինել ուշադիր:

Ես չեմ խոսում խոսքի ազատության սահմանափակման կամ առողջ քննադատության կանխարգելման մասին: Խոսքն այստեղ այն «լվացքի մեքենայի» շուրջ է, որը թունավորում և ապակայունացնում է դաշտը: Նման գործիքակազմ ունենալու և կիրառելու համար իշխանությանն անհրաժեշտ է ունենալ տեղեկատվական անվտանգության ունակ և բանիմաց թիմ: Ա՛յ հենց այս դրվագում է, որ իշխանությունն առայժմ պարտվում է: Մեծ մասը, ովքեր պատասխանատու են այս աշխատանքի համար, չի պատկերացնում իրենց ոլորտը: Անփորձ են, վախվորած, անցումը մասնավորից ընդհանուր չի ստացվում, մատուցելու ունակ չեն:

Ու ի՞նչ է ստացվում: Այս ապաշնորհ մոտեցումների պատճառով իշխանությունը չի կարողանում մատուցել հասարակության լայն զանգվածներին իր կատարած դրականը: Դա կորչում է էժանագին աղմուկի մեջ, ու գալիս է թևածելու այն մտայնությունը, թե՝ ոչ մի բան էլ չի փոխվել: «Ոչ մի բան չի փոխվելու» թեզը հենց այն կարևոր հանգրվանն է, որին ձգտում են դաշտն անլրջացնողները:

Հ. Գ. Ի վերջո հիշենք, որ ճիշտն ասողը շահեկան դիրքերում չէ սուտը մատուցողի նկատմամբ: Սուտը մատուցողը կարող է հազար տեսակի սուտ հորինել, իսկ ճշմարտություն բարբառողն ունի ընդամենը մեկ հակափաստարկ:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am