Գույք նվիրելով `«ՀՀ քաղաքացի Մանվել Գրիգորյանը բարի կամք է դրսևորել». Փաստաբան

25-04-2019
516 դիտում
Գույք նվիրելով `«ՀՀ քաղաքացի Մանվել Գրիգորյանը բարի կամք է դրսևորել». Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

- Պարո՛ն Մկրտչյան, հայտնի է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անուն գույք պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսվել: Կմանրամասնե՞ք՝ ի՛նչ գործընթաց է:

- Ես անձամբ այդ գործի մասին տեղեկություն չունեմ, լրագրողներից եմ իմացել: ՀՀ Սահմանադրությամբ, Եվրոպական կոնվենցիայով, Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով, Քաղաքացիական օրենսգրքով սեփականության իրավունքը կարող է փոխանցվել բացառապես օրենքով նախատեսված գործարքների արդյունքում: Եթե ինչ-որ պաշտոնյա նման հայտարարություններ է անում, ապա ինքն էլ պետք է մանրամասնի, թե ի՛նչ գործընթաց է սկսվել:

Եթե նկատի ունեն դատական հայցերը կամ դատական կարգով գործարքների վիճարկումը, քավ լիցի, դատարանից ծանուցումները կստանանք, կտեղեկանանք, մեր դիրքորոշումը կհայտնենք դրա վերաբերյալ: Մենք հիմա ղեկավարվում ենք նրանով, որ ՀՀ Սահմանադրոության համաձայն՝ սեփականությունն էլ է սահմանադրական իրավունք, Սահմանադրությամբ պահպանվող և նաև կոնվենցիոն իրավունք է: Եվ այս պահի դրությամբ եթե մեկն ինչ-որ գործընթաց է սկսել, դա դեռ նշանակում է, որ պետական լիազոր մարմինը կամ որևէ պաշտոնյա հայտնում է իր ցանկության ու իր կողմից կատարվելիք գործողությունների մասին:

- Ամիսներ առաջ տեղեկություն եղավ, որ Մանվել Գրիգորյանը պետությանը գույք է նվիրում, ի՞նչ փուլում է այդ գործընթացը, և հնարավո՞ր է սա դրա շարունակությունն է:

- Խոսքը այլ գույքի մասին է, մեկ գույք է, դրա մասով կառավարությունը պետք է որոշում ընդունի: Կառավարության համապատասխան որոշումն առայժմ չկա, և այս պահի դրությամբ ես անգամ դա չեմ կարող մեկնաբանել: ՀՀ քաղաքացի Մանվել Գրիգորյանը բարի կամք է դրսևորել, որ ունի նման ցանկություն: Վարչապետն է մեկնաբանել դա, ես հաստատ այն անձը չեմ, որ պետք է վարչապետի հայտարարությունները մեկնաբանի: Նա ասել է, որ հնարավոր է մենք ընդունենք քաղաքական որոշում նվերն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: Հիմա, քանի դեռ կոնկրետ գործընթացներ տեղի չեն ունեցել, հարցը վերջնական լուծում չի ստացել, դրա մասին խոսելը ժամանակավրեպ է:

- Մանվել Գրիգորյանի դիրքորոշումն այս հարցում ո՞րն է, ինքը պատրաստակա՞մ է այլ գույք էլ նվիրաբերել պետությանը:

- Ուրիշ գույքի մասին խոսք չի եղել, խոսքը միայն մեկ գույքի մասին է: Նա ցանկություն է հայտնել դա նվիրել պետությանը, և կառավարությունը պետք է շահագրգռվածություն հայտներ:

- Անդրադառնալով 40 անուն գույքի վերադարձի գործընթացին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնյան ասել է, որ այժմ նախարարությունն աշխատանքներ է տանում, ուսումնասիրություններ են կատարվում Արմավիրի մարզի համապատասխան համայնքներում, տվյալները հավաքելուց հետո պատրաստվում են դիմել դատարան: Ըստ նախարարության՝ այդ հողատարածքները Մանվել Գրիգորյանին աճուրդով են տրամադրվել, փորձում են պարզել՝ օրինակա՞ն աճուրդներ են եղել դրանք, թե՞ ոչ: Այսինքն՝ պետական մարմինը, առանց սեփականատիրոջ կարծիքը հարցնելու, կարո՞ղ է դիմել դատարան ու գույքը խլել նրանից:

- Դատարան դիմել կարող են, խլել չեն կարող: Կարող է սեփականության իրավունքը, այսինքն՝ գործարքները վավեր կամ անվավեր ճանաչվեն: Բայց դա չի նշանակում, որ սեփականության իրավունքն անցնելու է հայտարարություն անողին կամ թեկուզև պետությանը: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ տարածքային կառավարման նախարարության նոր պաշտոնյաները բավականին ծանրաբեռնված աշխատանք ունեն կատարելու, մինչդեռ այդ նախարարության գործառույթներն այլ են, այդ աշխատանքները նրանց գործառույթների մեջ առաջնահերթություն չեն: Առայժմ նրանք անում են այն, ինչ իրենց հանձնարարել է հատուկ քննչական ծառայությունը՝ ՀՔԾ ղեկավարը չունենալով այդ լիազորությունը: Կապրենք՝ կտեսնենք:

- Վերջին շրջանում շատ է քննարկվում առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման հարցը: Վարչապետն ասաց, որ նման տարբերակ է քննարկվում, որպեսզի կիրառվի հատկապես նախկին պաշտոնյաների դեպքում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մեխանիզմի վերաբերյալ:

- Անձամբ ես կարծում եմ, որ շատ վտանգավոր է այդ ճանապարհով գնալը: Եվ սխալ է այս պահի դրությամբ ընդունել հեղափոխական արժեքները՝ որպես բացարձակ արժեքներ, քանի դեռ դրան ժամանակի ընթացքում ժողովուրդը օբյեկտիվ պատճառներով արդար գնահատական ի վիճակի չի եղել տալու: Եվ մենք չգիտենք, թե մինչև որ տարեթիվը պետք է անդրադառնանք: Օրինակ՝ ՀՀԿ-ականները միշտ ասում են՝ բա ինչո՞ւ 1996 թվականից հետ չեք գնում, ինչո՞ւ հետ չեք գնում 1990 թվական:

Չէ՞ որ մենք գիտենք, որ կոպեկներով սեփականաշնորհվել են հզոր գործարաններ, Երևանի կենտրոնում լուրջ պետական կառույցներ են սեփականաշնորհվել՝ 6000 դրամով, 20 հազար, 30 հազար դրամով, ծիծաղելի գներ են եղել: Հիմա ի՞նչ, մենք այդ վաուչերիզացիայի գործընթացի՞ն գնանք հասնենք: Սա բավական նուրբ թեմա է, սրանով պետք է դեռևս լուրջ քննարկումներ իրականացվեն, թե հեղափոխական արժեք ասելով՝ մինչև որ տարեթիվն ենք հետ գնում: Չէ՞ որ ԽՍՀՄ-ում էլ կար այդ նույն խնդիրը, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայտնվեցին նորաթուխ միլիոնատերեր, որոնք հետագայում հնարավորություն ունեցան դառնալու նաև դոլարային միլիոնատերեր:

Հիմա այդ մարդիկ բոլորն օրինակա՞ն են, իսկ նրանցից հետո հարստացածներին պետք է կուլակաթա՞փ անենք: Այս մոտեցումները ես ի սկզբանե սխալ եմ համարում: Ես կարծում եմ, որ նույնիսկ այն թեզը, որը ներկայումս քննարկվում է՝ գույքի նկատմամբ հետապնդում, եկեք չմոռանանք, որ մենք՝ մասնագետներս, ասում ենք՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի մասին է խոսքը: Իսկ կոնկրետ Մանվել Գրիգորյանի դեպքում ապօրինի ձեռքբերում հասկացություն չկա, վաճառել են՝ վճարել է, գնել է:

- Բայց կասկածելի աճուրդներով շատ էժան ձեռք բերելու հարցն է քննարկվում: Բոլորը գիտեն, թե նախկին իշխանության օրոք որոշ անձինք ի՛նչ ճանապարհով են տիրացել այդ գույքին:

- Է, թող ուրիշը գներ, թող մասնակցեր աճուրդին ու գներ: Այդ գույքերի մեջ նույնիսկ այնպիսի գույքեր կան, որոնք եթե ձեռք բերված գնով դրվեն վաճառքի, այսօր գնող չի լինի: Ուղղակի սենսացիոն նյութ է պետք, որ ապօրինի է ձեռք բերվել: Դե լավ, ապօրինի է ձեռք բերվել, ձեռքբերման գնով էլ այսօր գնորդ չի հայտնվելու, մարդը նվիրում է՝ վերցնող չկա, պետությունը չի վերցնում: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Այսօր եղած գույքը նորմալ չի տնօրինվում, այդ մենեջմենթը չկա: Այս գործընթացի նպատակն այն է, որ այս գույքը նորմալ տնօրինվի, ժողովրդի համար լավ լինի, բայց ո՞վ է այդ տնօրինողը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am