«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 հազար զինվոր տանկերով, ԲՏՌ-ներով մտնեն Երևան, իսկ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չլինի». Սարգիս Քլոյան

15-05-2019
1232 դիտում
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 հազար զինվոր տանկերով, ԲՏՌ-ներով մտնեն Երևան, իսկ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չլինի». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

- Պարո՛ն Քլոյան, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները, արդյոք «Մարտի 1»-ի գործով արդար դատավարություն կլինի՞։ Ի՞նչ տպավորություն ունեք։

- Ներկա եմ եղել դատական նիստին։ Դատավորը մերժեց իր ինքնաբացարկի Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, մերժեց Ղարաբաղի երկու նախագահների երաշխավորագիրը, որոնք խնդրում էին ազատ արձակել Քոչարյանին։ Ես վստահ եմ, որ Քոչարյանը 100 տոկոսով մնալու է կալանքի տակ, որովհետև այնքան գործեր կան իր վրա։

Դատավարության ընթացքում ի հայտ են գալու նոր բացահայտումներ, որովհետև 75 հատորին մենք ծանոթացել ենք մեր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։ Ուղղակի շատ երկար է տևելու դատավարությունը, ես համոզված եմ, որ մոտ երկու տարի կտևի։ Քոչարյանը մեղավոր է շատ բաների մեջ՝ Սիլվա Համբարձումյանի կաշառքը, սահմանադրական կարգի տապալումը։

Եթե այլ բան չասենք, 2 հազար պրոֆեսիոնալ զինծառայողներ Ղարաբաղից եկել են Երևան, կապ չունի՝ կրակել են, թե չեն կրակել, սահմանը թուլացել է։ Դա բավական է, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխան տա։ Իրենք ասում են՝ Քոչարյանը տեղյակ չի եղել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 2 հազար զինվոր տանկերով, ԲՏՌ-ներով մտնեն Երևան, իսկ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չլինի։ Դրա պատասխանն ո՞վ պետք է տա՝ գերագույն գլխավոր հրամանատարը։

- Այսօր պարզ դարձավ, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պատրաստ է գալ դատարան և երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար։ Բակո Սահակյանը դեռ հստակ պատասխան չի տվել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց այս քայլը։

- Քոչարյանի պաշտպան Ալումյանը հայտարարեց, որ նրանք գալու են դատարան։ Չեմ կարծում, թե կգան, բայց եթե գան, գալու են իրենց խայտառակեն, գնան, ուրիշ ոչինչ։ Իհարկե, դատապարտում եմ նման քայլը։ Հետո՞ ինչ, որ Քոչարյանը Ղարաբաղում նախագահ է եղել, բա թալա՞նը։

Նրա տղան հայտարարում է՝ միլիարդատեր չենք, բայց միլիոնատեր ենք, քեզ որտեղի՞ց միլիոններ։ Հանրապետության նախագահն ստանում է ընդամենը մեկ մլն դրամ ամսական։ Էդ որտեղի՞ց դոլարով միլիոնները, էդ հարստությունը, էդ բիզնեսները, լրատվամիջոցները, որ վերցրեց։ Որտեղի՞ց էդ փողերը, թալանից՝ որտեղից։

- Պարո՛ն Քլոյան, իսկ այսօր դատական իշխանության նկատմամբ վստահություն կա՞։

- Այո՛, ես վստահում եմ այս դատավորին, որովհետև նա մի քանի անգամ Ալումյանին դիտողություն արեց։

- Քոչարյանն ու իր որդին պնդում են, որ սա անձնական վրեժխնդրություն է, հաշվեհարդար։ Ինչպե՞ս եք նրանց այս հայտարարությունները գնահատում։

- Ամեն մարդ ուզում է պաշտպանվել, բնական է, որ Քոչարյանը, իր տղան, պաշտպանները պետք է այդպես խոսեն։ Փաստաբանները փող են վերցրել, անվճար չեն աշխատում։ Դատավճռից հետո նրանք կդիմեն վերաքննիչ դատարան, հետո՝ Վճռաբեկ դատարան, ինչքան երկարի դատավարությունը, այնքան փաստաբանները մեծ գումարներ են ստանալու։ Բայց ես ակնկալում եմ ազատ, արդար դատավարություն։

Լուսանկարը՝ «Ազատություն»

Մանե Հարությունյան

MediaLab.am