«Թուրքերը վայ-վայ անելով փախել են, թիրախավորված ոչնչացրել ենք. մեր տղաները հիմա հետապնդում են». Ռուդիկ Հյուսնունցը՝ Շուշիի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Պարո՛ն Հյուսնունց, նախօրեին Արցախի նախագահը հայտարարեց, որ թշնամին Շուշիից 5 կմ հեռավորության վրա է, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ հնարավոր է եղել հետ մղել հակառակորդին: Այս պահին ի՞նչ իրավիճակ է Շուշիում:

– Ես առավոտից մեր տղաների հետ եղել եմ այդ տեղամասում. այդ կիրճում հիմա ամեն ինչ մաքուր է: Նախագահի կոչից հետո նա հանձնարարել էր հատուկ գործողություններ, և մեր պաշտպանության բանակը դրանք փառքով իրականացրել է:

Մեր թիրախավորված հարվածներից թշնամու խումբը հարյուրավոր մարդկանցով և իրենց զինամթերքով ոչնչացվել է:

Գրեթե 2-3 ժամ զինամթերքը պայթում էր: Թիրախավորված, շատ կոնկրետ, նշանակետային հարվածներ են հասցվել, նախագահի հանձնարարականը կատարվել է բանակի կողմից, փառք մեր տղաներին:

Թուրք-ադրբեջանական հրոսակները ցաքուցրիվ են եղել: Դրանց մեջ և սևամորթներ կան, արաբներ կան, թուրքեր կան, այլ օտարազգիներ կան: Մասնավորապես, թուրքերը հատուկ պատրաստություն են ստացել ՆԱՏՕ-ի սպեցնազի կողմից:

Փաստորեն իրավիճակը փոխված է, այդ հրոսակների խմբերը, որոնք ողջ են մնացել, ցաքուցրիվ են եղել, մեր տղաները հիմա նրանց հետապնդում են, մաքրում տարածքը:

Ես այսօր եղել եմ Քարինտակում, հանդիպել եմ թե՛ վարչակազմի ղեկավարի՝ Լեռնիկ Հարությունյանի, թե՛ Շուշիի քաղաքապետի՝ Հովիկ Սարգսյանի հետ, աշխարհազորի տղաների հետ եմ հանդիպել:

Մենք մեր լեռների պես կանգուն ենք: Ես նույնիսկ նկար եմ տեղադրել Ֆեյսբուքում Քարինտակից և ասել եմ՝ մենք թե քարի տակ ենք, թե քարի գլուխը, Շուշի բերդաքաղաքում ենք մենք:

Անհո՛գ եղեք, և համայն հայության խնդիրն է այսօր ամեն ինչ անենք, որ մեր Շուշին՝ բիբլիական Արարատի պես սրբագործված այդ խորհրդանիշը, կարողանանք պահել:

Եթե մենք կորցրեցինք Շուշին, մենք կորցնելու ենք մեր տեսիլքը, որովհետև ամբողջ մեր ժողովուրդը մի օր պետք է Արարատի տեսիլքով հետ վերադարձնենք մեր Մասիս սարը: Շուշին պահպանելը ամբողջ հայության սրբազան պարտքն է:

– Արայիկ Հարությունյանի երեկվա կոչից հետո այստեղ հուսահատական տրամադրություններ եղան ոմանց մոտ: Նշվում է, որ այդ հայտարարությունը հուսահատեցնող էր: Դուք ի՞նչ եք կարծում այդ առնչությամբ:

– Ոչ թե հուսահատեցնող էր, այլ զգոնության կոչ էր, որովհետև նախագահի մարտական ոգին այնքան բարձր է, որ քաջալերում է բոլորիս՝ թե՛ զինվորներին, թե՛ սպաներին, գեներալներին:

Մենք նախագահի հետ միասին եղել ենք Հադրութում, հյուսիսային հատվածում: Զորքի առջևից գնացող նախագահը չի կարող հուսահատեցնող ձևով խոսել: Նա մարտունակ ոգի ունի և այդ ոգին փոխանցում է ժողովրդին, բանակին: Պարզապես նա զգոնության կոչ արեց, որ հավուր պատշաճի կազմակերպվենք և թշնամուն դիմակայենք: 

– Նշվում է, որ Շուշիի գործողությունների ժամանակ թշնամին 100-200 զոհ է տվել: 

Շատ զոհ են տվել, ես հիմա ստույգ թվերը չեմ կարող ներկայացնել, բայց այն, որ մենք թիրախավորված ոչնչացրել ենք նրանց կրակակետը, և նրանք վայ-վայ անելով փախել են, փաստ է: 

– Շուշիի երեկվա գործողությունից հետո հնարավո՞ր է, որ լինի թշնամու կողմից երկրորդ, երրորդ հարձակումը, թե՞ այնպիսի ջախջախիչ պարտություն են կրել, որ հազիվ թե նման փորձ անեն:

– Ես կարող եմ ասել, որ մնացած տեղերում նրանց գործողությունները եղել են խաբուսիկ, որպեսզի այդ ուղղությամբ սուր մտնեին մեր մեջ: Սա եղել է ամենակարևոր գործողությունը:

Փաստ է, որ մի 2-3 օր նրանք ուշքի չեն գալու, բայց թշնամին աննահանջ գալիս է: Այնպես որ, սպասենք իրադարձություններին: Մենք գնալու տեղ չունենք: Մեզ համար սա հայրենիք է, նրանց համար՝ տարածք:

Դա մեր առավելությունն է, մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու: Ալիևի այսօրվա հոխորտանքներից մի որոշ ժամանակ հետո կտեսնեք նրա լացակումած, աղեկտուր ձայնը: 

– Այսօր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դուք այդ հանդիպումից ինչ-որ սպասելիքներ ունե՞ք:

– Դե, նրանք երեք անգամ հումանիտար հրադադար են հայտարարել, բայց դրանք չեն պահպանվել: Ալիևը Թուրքիայից հրահանգ է ստացել, ասել են՝ այո՛, դու ասա, թե համաձայն ենք հրադադարին, բայց շարունակիր գրոհները:

Նրանք շարժվում են Թուրքիայի հրամաններով՝ խախտելով հրադադարը, ռմբակոծելով թե հիվանդանոցները, թե եկեղեցիները, թե տները: Նրանք ոչ մի բանի առջև չեն կանգնում, և ես կարծում եմ, որ համանախագահներն այսօր կտրուկ քայլեր պետք է անեն, քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառեն: Առանց դրա ադրբեջանական քաղաքականության ուղեգիծը չի փոխվելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am