«Ոստիկաններն անորոշ վիճակում են, այն են, ինչ կային, նոր իրավիճակում չեն կողմնորոշվում ինչ պիտի անեն». Վարդգես Գասպարի

16-05-2019
723 դիտում
«Ոստիկաններն անորոշ վիճակում են, այն են, ինչ կային, նոր իրավիճակում չեն կողմնորոշվում ինչ պիտի անեն». Վարդգես Գասպարի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։

- Պարո՛ն Գասպարի, ոստիկանները ձեզ արգելում էին ներկա լինել Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։ Ընդհանուր առմամբ, դատարանի շենքի մոտ ոստիկանների վերջին օրերի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

- Ոստիկաններն անորոշ վիճակում են, այն են, ինչ կային, նոր իրավիճակում չեն կողմնորոշվում ինչ պիտի անեն։ Իմ գնահատականով՝ 80 տոկոսով նույն ոստիկանությունն է մնացել։ Առանձին դեպքերի համար, եթե ստանում են հրահանգ, ինչ-որ վերաբերմունք փոխվում է։ Մասնավորապես, իմ դեպքում սկզբում ասացին՝ դատարան չեն թողնում, քանի որ չեն կարող ապահովել իմ անվտանգությունը։ Հետո ես լրատվամիջոցներով բարձրաձայնեցի, ուղիղ եթերով հնչեց, որ՝ էլ ի՞նչ ոստիկանություն, եթե չի կարողանում մարդու անվտանգությունն ապահովել, նրանց վերաբերմունքը փոխվեց։

Կարծես թե վերևից հրահանգ եղավ, որ այդ հարցը լուծեն։ Դա նշանակում է, որ եթե վերևից հրահանգ չլիներ, ոստիկանությունը մարդուն չի թողնում դատարան, որովհետև չի կարողանում ապահովել նրա անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ սա է իմ գնահատականը։

- Դատարանի շենքի դիմաց Քոչարյանի աջակիցների կողմից ձեր դեմ բռնություն գործադրելու փաստով քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ ակնկալիք ունեք այդ գործից։

- Ես մի քանի անգամ ասել եմ՝ այս քրեական գործն ինձ համար հազարերորդական կարգի նշանակության խնդիր է։ Կարևորը Մարտի մեկի գործի ամբողջական բացահայտումն է։

- Ձեր դեմ բռնություն գործադրելու օրը նույնպես ոստիկանները կարծես հապաղում էին արձագանքել։ Այսինքն՝ դա և՞ս փաստում է, որ ոստիկանությունում գրեթե փոփոխություններ չեն եղել։

- Իհարկե, նույն բանն էր, որ ասացի։ Ոստիկանությունը նույն ոստիկանությունն է։ Նախկինում ինչպե՞ս էր լինում ընտրությունների ժամանակ, այդ քրեական տարրերն էին թելադրողը, իսկ ոստիկանը՝ կողքից նայողը, այսպես ասած՝ հանդիսատեսը։ Այստեղ էլ նույն իրավիճակն էր։ Նրանք մի քիչ ակտիվություն դրսևորեցին, երևի այդքանն էր չափը։

- Վերջին օրերին ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի մի խումբ քաղաքացիներ են բողոքի ակցիա անում դատարանի շենքի մոտ։ Հետևելով նրանց գործողություններին, դուք ի՞նչ նկատեցիք, ովքեր են այդ մարդիկ։ Տեղեկություններ կան, որ նրանց գումար են գալիս ակցիաներին մասնակցելու համար, բայց Քոչարյանի որդին հերքեց այդ տեղեկությունները։

- Ես էլ հենց այդ տպավորությունն ունեմ, որ գումար են վերցնում։ Համացանցում տարբեր բաներ եմ կարդացել, ընդհուպ մի տարբերակ կար, որ օրը 100 դոլար են տալիս այդ մարդկանց։ Անհավանական չեմ համարում՝ հաշվի առնելով, որ ի վերջո Քոչարյանը, իր որդիները բիզնեսներ ունեն, և այդ մարդկանց հավաքագրելն նրանց համար չպետք է դժվար լինի։ Նրանք, այսպես ասած, «քեշով» են աշխատում, այսինքն՝ ամեն օրվա համար պետք է վճարվեն, որ գան։ Հակառակ դեպքում, չեմ կարծում, որ նրանք այն սկզբունքներով են ապրում, որոնցով մենք ենք ապրում։ Ինձ էլ է թվում, որ այդ վարկածը հավանական է, որ ի վերջո նրանք իրենց աշխատողներն են, վճարվում են, գալիս են։

- Ի՞նչ պետք է ակնկալի հանրությունը Մարտի մեկի գործով դատավարությունից։ Ի վերջո, սա աննախադեպ գործընթաց է՝ հաշվի առնելով այն, որ նախկինում գրեթե անհավանական էր, թե նման դատավարություններ կլինեին։

- Ես իմ պարտքն եմ համարում արդարության համար մղվող պայքարում իմ ներդրումն ունենալ։ Թե ինչպիսի արդյունքներ կլինեն՝ դա խնդրի մյուս կողմն է։ Առհասարակ, թե ինչպիսին կլինեն դատաիրավական գործընթացները, այդ հարցում շատ կարևոր են քաղաքացու դիրքորոշումն ու ակտիվությունը։

Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում, որ առանց հանրային ճնշման և հանրային ակտիվ դիրքորոշման իրավիճակները կարող են փոխվել։ Բերեմ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատավարությունը։ Թեև գլխավոր դերակատարը, իմ կարծիքով, Նեմեցը չդատապարտվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց եթե չլինեին հանրային ակտիվությունը, քաղաքացու մասնակցությունը, այդ մարդասպաններն այդքան էլ չէին պատժվի։ Առավել ևս հիմա, շատ բան է կախված հենց մեր հանրային ակտիվությունից։

- Մարտի մեկի տասը սպանությունները շարունակում են չբացահայտված մնալ։ Որքանո՞վ կարող ենք նախկին պաշտոնյաների մասով բացահայտումները գոհացուցիչ համարել, եթե գլխավոր խնդիրը լուծված չէ, այն է՝ սպանությունները կատարողները բացահայտված չեն։

- Ես չեմ կարծում, որ կարող եմ լրացուցիչ բան ասել, որը կազդի իրավապահների աշխատանքի վրա։ Ես քաղաքացի եմ, այդ հարթության մեջ եմ անելիք տեսնում։ Ես կարծում եմ, որ հանրությունը պետք է գործուն լինի կոնկրետ այս հարցում և առհասարակ։ Յուրաքանչյուր գործընթացում հանրության մասնակցությունը կարող է ունենալ մեծ ազդեցություն։ Հետևաբար, ես ոչ այնքան իրավապահներից եմ ուզում ինչ-որ բան ակնկալել, որքան հանրությունից։ Հանրությունը թող իր մասնակցության ձևը գտնի, իր չափը որոշի, և կարծում եմ՝ շատ բան է դրանից կախված։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am