Բոլորը պետք է հաշվառվեն, որ ստվերում չմնան, բայց կառավարությունը պետք է նաև սոցիալական արդարության խնդիրը լուծի. Թաթուլ Մանասերյան

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումը կարևոր քայլ է, վաղուց պետք է ներդրվեր Հայաստանում, սակայն սրան զուգահեռ կառավարությունը չպետք է մոռանա, որ սոցիալական արդարության խնդիրը ևս պետք է լուծել։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը։

«Սա այն քիչ դեպքերից է, երբ ես սկզբունքորեն կողմ եմ, որ տնտեսությունը հաշվառելի լինի։ Եվ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը բոլոր քաղաքակիրթ երկրներում ներդրված է։

Ֆիզիկական անձանց հայտարարագրումը կարևոր է, քանի որ բոլորս պատասխանատու ենք և պետք է ներկայացնենք մեր իրական եկամուտներն ու ծախսերը, որ պետությունը ևս իմանա՝ ովքեր են այդ հարկատուները։

Բայց մյուս կողմից՝ պետությունը չպետք է մոռանա, որ դրանով լուրջ բեռ է ստանձնում։ Այսինքն՝ բոլոր այն անձանց, որոնց եկամուտները ցածր են նվազագույն զամբյուղից, բոլոր քաղաքակիրթ երկրները պարտավորվում են այդ հայտարարագրերի հիման վրա նվազագույն միջոցներն ապահովել»,- «Մեդիալաբին» ասում է Թաթուլ Մանասերյանը։

Մասնագետի խոսքով՝ այդ համակարգը ներդրած քաղաքակիրթ երկրներում անգամ ոչ իրենց քաղաքացի հանդիսացող անձանց՝ միգրանտների համար նվազագույն պայմաններ են ստեղծում՝ սկսած կացարանից, վերջացրած սննդամթերքով ու հագուստով ապահովելուց։

«Սա շատ լուրջ բեռ է։ Ես ուզում եմ, որ այդ գիտակցությամբ մենք գնանք դեպի այդ փաստաթղթի քննարկում ու ընդունում։

Մեդալն ունի երկու երես՝ մեկը սա է, որ իսկապես բոլորը պետք է հաշվառվեն, որպեսզի ստվերում չմնան ու իրենց ստացած եկամուտներին համարժեք ու համամասնորեն հարկեր մուծեն։ Բայց մյուս կողմից՝ պետությունը պետք է հոգա ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների խնդիրները»,- հավելում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկել է ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման կարգ ներդնելու ժամանակը։

Ըստ վարչապետի՝ այս ժամանակաշրջանում երկու սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում առաջարկված նոր համակարգն է, երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը:

«Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը։

Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել»,- ասել էր վարչապետը։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով այս նախաձեռնությանը, ասել էր, որ եթե կառավարությունն ավելի շուտ սկսեր եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման բարեփոխումը, այսօր շատ ավելի արագ ու հասցեական կիրականացվեին հակաճգնաժամային միջոցառումները։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ, օրինակ՝ ինքն ապրել ու աշխատել է արտերկրում, երբ իր եկամուտը տարվա նվազագույն եկամտից պակաս է եղել, պետությունը վերադարձրել է այն հարկերը, որոնք ինքը վճարել է։ Հայաստանը ևս պետք է գնա այդ ճանապարհով։

«Ինչ-որ գումար էին ինձ չեկով ուղարկել, դրանով ուղերձ էին հղում, որ՝ մենք ուզում ենք ձեր հանդեպ արդար լինել, այն հարկերը, որոնք դուք վճարել եք, շատ լավ է, բայց ձեր ապրուտի միջոցների համար դա քիչ է։ Պետությունը փոքրիկ մնացորդը վերադարձնում է, որպեսզի մարդը կարողանա նվազագույն կենսապայմաններն ապահովել»,- ասում է տնտեսագետը։

Մանասերյանի խոսքով՝ այդ մոտեցումը նաև սոցիալական արդարության խնդիր է լուծում։ Եթե ամբողջ տնտեսությունը հաշվառելի է, գիտենք, թե ով ինչքան եկամուտ է ստանում, հետևաբար, կառավարությունը «տեր է կանգնում» քաղաքացուն՝ պարտավորվելով աջակցել նրան։

Նրա խոսքով՝ Հայաստանն աստիճանաբար կարող է գնալ այս բարեփոխմանը։ «Ես ուզում եմ շեշտել, որ ոչ միայն բոլոր զարգացած երկրները, այլև որոշ զարգացող երկրներ նույնպես որդեգրել են այս կառուցակարգն իրենց հարկային համակարգերում»,- նկատում է նա։

Տնտեսագետը նաև ասում է, որ լավ է, երբ Հայաստանում բարձրացվեց նվազագույն աշխատավարձը, բայց նվազագույն աշխատավարձը չպետք է հարկվի։

«Դա այն նվազագույն միջոցներն են, որոնք ուղղվելու են կենսապահովման նվազագույն զամբյուղը ձեռք բերելուն։ Եվ երբ գնաճ է տեղի ունենում, դա պետք է ինդեքսավորվի։ Սրանք շատ կարևոր դրույթներ են։

Եթե մենք մի բանի մասին խոսում ենք, բայց մյուս խնդիրների մասին չենք բարձրաձայնում, դրանք կիսատ որոշումներ են, որոնք կարող են օգուտի տեղը վնաս բերել»,- նշում է Թաթուլ Մանասերյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am