Ոչ միայն ճանաչում, այլեւ հատուցում. ցեղասպանության հարցը կարող է մտնել միջազգային դատարան

24-04-2010
470 դիտում
Ոչ միայն ճանաչում, այլեւ հատուցում. ցեղասպանության հարցը կարող է մտնել միջազգային դատարան

1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակի 95 ամյա տարելիցի նախաշեմին կրկին արդիական է դառնում ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման, այլեւ հատուցման հարցը:

Այս հարցն առավել մեծ հնչեղություն ստացավ ապրիլի սկզբին, երբ Երեւան ժամանած Հաագայի միջազգային դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի հետ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին քննարկել նաեւ այս զգայուն խնդիրը:

«Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն և հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում»,- դատախազին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը,- «հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին»:

ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ Լուիս Մորենո-Օկամպոն: քննարկվեց են  Հաագայի միջազգային դատարանում Հայոց ցեղասպանության հարցը քննելու խնդիրը:

Նույն խնդրի մասին ամիսներ շարունակ խոսել է նաև Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը:

Նա իր «Բազմիցս եմ նշել, որ ուշանում ենք… շատ ենք ուշանում…» հոդվածում գրում է. «Անկեղծ ասած, արդեն մեզ «հոգնեցրել» են բարոյական  հաղթանակները եւ վաղուց  ժամանակն է  մեկ փոքրիկ, բայց միջազգային իրավունքի  վրա հիմնված հաղթանակ  ունենալ»:

«Ցեղասպանության պահանջատիրության հարցն ունի մեկ լուծում`դա միջազգային իրավունքի հիմման վրա դատավճիռն է»,-«Մեդիալաբին» ասում է Հարություն Առաքելյանը:

ՀՌԱԿ ատենապետի կարծիքով, այսօր, երբ մեր հարևան երկրները ձգտում են դեպի Եվրոպա և եվրոպական արժեքներ են որդեգրում, պետք է նաև իրենց արածի համար պատասխան տան այնպես,  ինչպես եվրոպացիներն են անում` դատարանում:

«Նույնիսկ եթե ՄԱԿ-ի անդամ 200 պետությունները ընդունեն Ցեղասպանությունը, դա դատական վճիռ չէ, դա ոչ մի հատուցում չի պահանջում»,- պատճառաբանեց իր խոսքը Առաքելյանը:

Ցեղասպանության խնդիրն իրավական հարթություն բերելու հարցն այս տարի բարձրացրեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

«Մենք արդեն հասել ենք մի վիճակի, երբ Հայոց ցեղասպանությունն անժխտելի է,- ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը,-ամբողջ աշխարհը պատրաստ է ճանաչել այն: Պատմաբաններն այլևս անելիքներ չունեն» :

Սուրեն Մանուկյանի խոսքերով հայ ժողովուրդն այլևս Ցեղասպանության ճանաչման խնդիր չունի և պետք է դնի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Նա նշեց, որ եկել է զոհերի փոխհատուցման վերաբերյալ հայց ներկայացնելու ժամանակը: «Մեդիալաբ»-ի խնդրանքով Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրենը պարզաբանեց, որ ասելով «հայց», նա ի նկատի ունի դատական գործընթացը:

Փորձագետը հիշեցրեց նման նախադեպերի մասին, երբ ստեղծվել  է դատավարություն իրականացնող անկախ մարմին:

Նման դատարաններ են ստեղծվել Ռուանդայի, Դարֆուրի, Կամբոջայի ցեղասպանությունները քննելու ժամանակ: Սուրեն Մանկուկյանի կարծիքով նման դատական մարմին ստեղծելու համար պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի: «Ո՞վ է հայց ներկայացնելու իրավասուն:

Արդյո՞ք դա հայկական սփյուռքն է: Ես կարծում եմ, դա ճիշտ կլիներ Հայաստան պետության բացակայության պայմաններում:

Միացյալ հայց պետք է լինի»,-ասաց նա: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրենի կարծիքով հայությունը պետք է պահանջի Թուրքիայից  «պատասխանատվություն» և «հատուցում»:

Այս երկու պահանջներից առաջինը Սուրեն Մանուկյանը, հաշվի առնելով համաշխարհային փորձը և Հոլոքոստի նախադեպը, պատկերացնում է չորս փուլերով՝ բարոյական, քրեական, նյութական և քաղաքական: Առաջին դեպքում Թուրքիայից պահանջվում է ներողություն խնդրել հանցագործության համար:

Քրեական պատասխանատվությունը Սուրեն Մանուկյանը համարում է մասնակի կատարած, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը ժամանակին դատել է Ցեղասպանութունն իրագործած երիտթուրքերին, չնայած՝ մահապատժի ենթարկված դատապարտյալները չէին սպանվել:

Նյութական պահանջ ասելով, փորձագետը հասկանում է զոհվածներից գողացված այն բոլոր ունեցվածը, որը պետք է վերադարձվի, կամ կոմպենսացվի: Ինչ վերաբերվում է քաղաքական պատասխանատվությանը, ապա այս հարցը պետք է լուծվի պաշտոնական մակարդակով: Մանուկյանը կարծում է, որ հավանաբար այս դեպքում խոսք կգնա հողերի վերադարձի մասին:

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրենի կարծիքով պահանջատիրության հարցը բարձրացնելուն Հայաստանը պատրաստ է:

Նա նշեց, որ մարտի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանի`  Դեյր Զորում ասված խոսքի մեջ , որտեղ նա հարցրել է «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը», ուղերձ է թաքնված:

Ինչն էլ խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այս հարցը բարձարցնել իրավական մակարդակով և Թուրքիայից պահանջել կատարված Ցեղասպանության համար հատուցում:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կարծես թե նույնպես համաձայն է այս մտքի հետ:

Այս տարի Երևանի փողոցներում փակցված կուսակցության արդեն ավանդական դարձած Ցեղասպանության վերաբերյալ ցուցապաստառները պահանջում են ոչ միայն ջարդի ճանաչում, այլ նաև հատուցում:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am