Բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս 3+2 ֆորմատը․ Արա Այվազյան

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «3+2» ձևաչափին և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու հարցին։

«Պետք է տարբերակել նորմալ պայմանները և այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմում և հնչեցվող նախապայմանները Հայաստանի նկատմամբ։ Շատ կարևոր է, որպեսզի մեր գործընկերները արտաքին գործերի նախարարությունում շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։ Այսօր ես ուշադրություն դարձրեցի, որ ԱԳՆ խոսնակն ասել է՝ առանց որևէ նախապայմանների։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց 3+2 գործընթացին, և ես հուսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այն սպառնալիքները, մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այդ ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,- ասաց Այվազյանը։

Անդրադառնալով հարցին, թե այս ձևաչափն Արցախի հարցին ինչպե՞ս կարող է խանգարել, Արա Այվազյանը նշեց․ «Պաշտոնական Երևանի կողմից հայտարարվում է, որ 3+2 ֆորմատը չպետք է կրկնի այն գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ֆորմատների շրջանակում, բայց մեզ հայտնի են և Անկարայի, և Բաքվի հայտարարությունները և նպատակները։ Եվ ես մտավախություն ունեմ, որ այս ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել կամ ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։ Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկել են։ Երբ ես այդ պաշտոնին էի, ասում էի՝ ժամանակն անցել է լսելու խոսքերը, և մենք սպասում ենք պաշտոնական Անկարայից դրական քայլերի։ Ցավոք սրտի, մենք ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ։ Դրա համար ես բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս 3+2 ֆորմատը»։

Աղբյուր՝ Lragir.am