«Վարչապետի խոսքը կփոխեի, երբ ասում էր՝ «աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է», կասեի՝ «ոչ, կոռուպցիան է ուղեղների մեջ». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

– Պարո՛ն Իշխանյան, վերջին օրերին բուռն քննարկվում է Երևանի քաղաքապետարանին աղբահավաք մեքենաներ նվիրաբերելու հարցը։ Կան դժգոհություններ, որ այդ գործընթացը թաքուն է պահվել հանրությունից, ինչը կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել։ Ձեր կարծիքը ո՞րն է այս հարցի վերաբերյալ, ինչո՞ւ թափանցիկ չեն աշխատում որոշ պետական մարմիններ։

– Ես կարծում եմ, որ ընդհանրապես թափանցիկությունը խնդիր է, բայց այս հարցում թափանցիկ աշխատելը բավական բարդ կլիներ։ Թափանցիկ պետք է ասեին՝ մենք «Կամազ»-ներ ենք նվեր ստանում, որպեսզի շինարարության թույլտվությո՞ւն տանք։ Թափանցիկություն՝ նշանակում է գործել օրենքով, ընդունել օրենք, որ քաղաքապետարանը ինչ-որ մեկին թույլտվություն տալու համար նվե՞ր պետք է ստանա։ Այսինքն՝ այս գործարքի դեպքում թափանցիկությունն անհնար է դառնում։

Այստեղից միանգամից հարց է առաջանում՝ լավ, սրա անունն ի՞նչ կարելի է դնել։ Եվ հիմա համացանցը հեղեղված է կոռուպցիայի մասին խոսակցություններով, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բոլորն են խոսում, նաև նրանք, ովքեր այս իշխանությանը աջակցում են՝ շատ հաճախ չնկատելով իշխանության ավելի լուրջ թերությունները։ Եվ ինձ համար մի քիչ անհասկանալի է այս հարձակումը։ Նաև ես տեսա, որ քաղաքապետին պաշտպանողներ կան։

Այստեղ, իմ կարծիքով, շատ կարևոր խնդիր կա, դա այն է, որ մեր քաղաքացիներից շատերի համար, եթե որևէ գործարք անձնական շահ չի հետապնդում, ապա մտածում են՝ ի՞նչ կա դրանում, դա քաղաքի համար է, և մեծ չարիք չէ։ Այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերի պատկերացմամբ՝ օրենքի կիրառումը, օրենքով շարժվելն այնքան էլ կարևոր չեն։ Կարևորը «ժողովրդի մասին մտածելն է»։ Իսկ թե ի՛նչ մեթոդներով կմտածեն ժողովրդի մասին, դա մարդկանց համար բացարձակ կարևոր չէ։

Չեն պատկերացնում, որ նույնիսկ «լավ ու բարի գործի» համար անօրինականությունը կդառնա սովորություն։ Իսկ հաջորդ քայլն արդեն կլինի անձնական շահի համար նման գործարքի իրականացումը։ Եթե ես վարչապետի խոսքը փոխեի, երբ ասում էր՝ «աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է», կասեի՝ «ո՛չ, կոռուպցիան է ուղեղների մեջ»։ Այստեղից մի ուրիշ հարց է առաջանում. լավ, ընդունենք, որ Հայաստանում, մասնավորապես, Երևանում այնպիսի իրավիճակ է, որ քաղաքապետարանը չունի այն գումարները, որոնցով պետք է «Կամազ»-ներ գնեին ու աղբահանություն իրականացնեին, այդ դեպքում պե՞տք էր գնալ նման գործարքների, թե՞ ոչ։

Ես համարում եմ, որ ոչ մի դեպքում չպետք է գնալ նման գործարքների։ Այստեղ այլ հարց է առաջանում. քաղաքապետարանը պարգևավճարների, շքեղ գործուղումների գումարներ ունի, հսկայական ծախսեր են կատարվում տոնակատարությունների վրա, ո՞րն է ավելի կարևոր՝ այդ գումարները տնտեսել և աղբահանության համար մեքենանե՞ր գնել, թե՞ այդ տոնակատարությունները կատարել։

Այսինքն՝ եթե քաղաքապետը կամ քաղաքապետարանի աշխատակիցները իսկապես գործի նվիրյալներ լինեին, ապա ոչ թե մեծ գումարներ կուղղեին իրենց գործուղումներին ու պարգևավճարներին, այլ կմտածեին աղբահանության ու քաղաքի համար ավելի կարևոր խնդիրների լուծման մասին։ Այսինքն՝ գումարներ միշտ էլ կարելի է գտնել, և դա կլիներ ճիշտ ճանապարհը։ Եվ այս պայմաններում սլաքը ոչ միայն պետք է ուղղված լինի քաղաքապետարանի, այլ նաև մեր մտածողության դեմ։ Ես հարց եմ տալիս՝ Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակի, միջին աշխատավարձի ու աղքատության բարձր ցուցանիշի պայմաններում արդյոք նախարարների, պատգամավորների աշխատավարձը ցա՞ծր է, թե՞ ոչ։

Ես այդ հարցին կպատասխանեմ, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում դա բավարար աշխատավարձ է՝ այդ պաշտոններում աշխատելու համար։ Բայց ո՛չ, նրանց նաև պարգևավճարներ ու ստվերային գումարներ են տալիս։ Ես անձամբ դեմ չեմ նրանց աշխատավարձերը բարձրացնելուն, բայց մի երկու տարի աշխատեք, իրական ցուցանիշներ ցույց տվեք, աղքատությունը նվազեցրեք և բարձրացրեք աշխատավարձը հաջորդ՝ ձեզնից հետո եկող պաշտոնյաների համար։

Սա ընդունված կարգ է, որ ոչ թե իրենց համար պետք է բարձրացնեն, այլ հաջորդների համար։ Եվ այդ պարգևավճարներն ընդհանրապես պետք է վերանան։ Խոսում ենք կոռուպցիայի մասին, ես ընդունում եմ, որ նախորդ իշխանությունների օրոք կոռումպացված համակարգ էր, բայց ի՞նչ է ստացվում. նոր իշխանությունները այդ ստվերային կոռումպացված համակարգը վերածում են օրինական կոռուպցիայի՞, մենք գնում ենք օրինական կոռուպցիայի ճանապարհո՞վ։

– Այս հարցի բարձրացման հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով։ Այսինքն՝ պաշտոնյաների կողմից մարդկանց ծառայելու մասին էր խոսում։ Նրա այս ելույթը կարծես նախազգուշացո՞ւմ էր՝ ուղղված պաշտոնյաներին։

– Առաջինը՝ իմ տպավորությունն այն էր, որ վարչապետը, պաշտպանվելով ընդդիմության հարձակումներից, ուզում է իրեն ավելի «հավատացյալ, քրիստոնյա-առաքելական» ցույց տալ, քան իր ընդդիմախոսներն են ներկայանում, որոնք նույնպես հավատացյալ չեն։ Երկրորդ՝ ես բացարձակապես չէի ուզի, որ Հայաստանի ղեկավարը միջնադարյան կղերական և զանազան աստվածաշնչյան ասույթներով հանդես գար։ Եվ դա կարծես թե արդեն սովորություն է դարձնում։

Այդ օրինակներից խոր միջնադարի հոտ է գալիս։ Ի վերջո, մենք 21-րդ դարի աշխարհիկ պետությո՞ւն ենք, թե՞ միջնադարյան կղերաֆեոդալական երկիր։ Երկրի ղեկավարն առաջին հերթին սեփական օրինակով պետք է ցույց տա, թե ինչպիսին պետք է լինի երկրի ղեկավարը, ոչ թե հավատալ և պատմել հեքիաթներ։ Հաջորդ հեքիաթը կարող է լինել արդար թագավորների, վարչապետի պաշտոնը տրված է Աստծո կողմից (ինչպես միջնադարում՝ թագավորի), Սողոմոն իմաստունի մասին, կասեն՝ դատարաններ չպետք է լինեն, որովհետև Սողոմոն իմաստունը շատ արդար դատավոր էր նաև։

Ինչ վերաբերում է տեր ու ծառայի հարաբերություններին, մի պահ մոռանանք Հիսուսի օրինակը, քանի որ ես չեմ ուզում հիմա այդ բանավեճի մեջ մտնել։ Բայց խնդիրը հետևյալն է, որ գավառական մտածողությունը ես դեռևս 1990-ականներից եմ հիշում, երբ պայքարող, հեղափոխական, կարծես թե նվիրյալ երիտասարդները պաշտոն էին ստանում և հաջորդ օրն իրենց «տեր» էին զգում արդեն։ Եվ այդ նույն երևույթը ես այսօր նկատում եմ նաև իմքայլականների, հենց անձամբ վարչապետի պահվածքում։

Հիշենք, երբ նա մաքսատան աշխատակցի վրա սկսեց գոռգոռալ ու ասել, որ երբ վարչապետը գալիս է, զգաստ կանգնիր։ Դա արդեն տիրոջ պահվածք ու հոգեբանություն է։ Եվ այդ պահվածքն առաջին դեմքից փոխանցվում է նրա ենթականերին։ Որպեսզի այդ տիրոջ պահվածքը չլինի, ապա առաջին հերթին վարչապետը սեփական պահվածքով պետք է ցույց տա, որ ինքը տեր չէ։ Այդպիսի պահվածք է նաև բազմաթիվ թիկնապահներով շրջապատված շրջելը։

Եվ, բնականաբար, մնացածն էլ ընդօրինակում են նրան։ Քանի որ իրենք տեր են, ծառաները պետք է հովանոց պահեն, նրանց ճանապարհ տան։ Եվ մեր հոգեբանության մեջ դեռևս տեր ու ծառայի հոգեբանություն է։ Եվ այստեղ ես ուզում եմ հիշել Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, որը ոչ միայն փիլիսոփայական միտք է, այլև, կարծում եմ, վերաբերում է մարդու իրավունքներին։ Իսկ մարդու իրավունքները տեր ու ծառայի հարաբերությունների բացառում է։ «Քանի որ կա շահ ու գերի, ստրուկ ու տեր, Չի՛ լինելու երկրի վրա ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր»։

Ընդհանրապես ժամանակակից քաղաքակիրթ երկրներում իշխանությունն ավելի շատ վարչական կառավարում է, քան իշխանություն-քաղաքացի հարաբերություններ։ Այսինքն՝ որպեսզի տեր ու ծառայի հարաբերություններ չլինեն, իշխանություններն իրենց պետք է ընդամենը պատկերացնեն վարչական կազմակերպիչներ, ոչ ավելի։

Բայց նման հոգեբանություն մեզ մոտ չկա։ Եվ Հայաստանում տարբեր ժամանակներում իշխանության համար պայքարը հենց պայքար է «տեր» լինելու համար։ Ծառան միշտ երազում է լինել տեր, որ մյուսներն իր ծառան լինեն։ Եվ ցավալի է, որ այդ հոգեբանությունն այսօր էլ չի փոխվել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am