Մի բուռ ադրբեջանցիներ Արցախի լեռներում. նրանք կարոտել են իրենց հարազատներին, որոնց թողել են շփման գծի այն կողմում

01-02-2011
450 դիտում
Մի բուռ ադրբեջանցիներ Արցախի լեռներում. նրանք կարոտել են իրենց հարազատներին, որոնց թողել են շփման գծի այն կողմում

69-ամյա Թոֆիկ Ալիևը հուսահատ է: Նա այլևս չի պատկերացնում, որ կյանքի մնացած տարիներին հնարավորություն կունենա հանդիպելու իր ինը եղբայրներին ու քույրերին, որոնց չի տեսել արդեն մոտ քսան տարի: Վերջին անգամ նա հայրենի գյուղում` հայրական տանը, եղել է պատերազմից առաջ:

Նրա աչքերը թրջվեցին, երբ սկսեց մեծից փոքր թվարկել իր եղբայրներին ու քույրերին`Միրզա, Ֆազիլա, Աղամիրզա, Միրզաաղա, Հագիգաթ, Ռաֆիկ, Թահիր, Ռովշան, Ֆարհադ: Հետո սկսեց ավելի բարձր լացել, երբ հարցրեցի, թե երազում տեսնո՞ւմ է իր հարազատներին:

«Տեսնում եմ Միրզային, հորս ու մորս»,- կոկորդում խեղդելով զգացմունքները` ասաց նա` շարունակելով թեյ լցնել ապակե թափանցիկ բաժակների մեջ, որով սովորաբար թեյ խմում են մահմեդական Արևելքում:

Թոֆիկ Ալիևը Լեռնային Ղարաբաղում բնակվող այն ադրբեջանցիներից է, ով հրապարակավ չի թաքցնում իր ազգությունը, չի փոխում ազգանունը, մարդահամարի ժամանակ «Ազգությունը» հարցին պատասխանում է, որ ադրբեջանցի է: Նա հայ կնոջ` Վալենտինա Ալիևայի հետ (այս կինն ամունանալուց հետո իր Թովմասյան ազգանունից հրաժարվել և ընդունել է ամուսնու ազգանունը) բնակվում է Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքում` մեկսենյականոց նեղ ու անշուք բնակարանում:

Պաշտոնական տվյալներով` ԼՂՀ-ում ադրբեջանցիների թիվը մոտ մեկ տասնյակ է, սակայն որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նշում են, որ նրանց թիվը հարյուրի սահմաններում է, այդ թվում նրանք, ովքեր ադրբեջանցի են հոր կամ մոր կողմից: Նրանց մի մասը Կարմիր խաչի միջոցով երբեմն նամակներ է ստանում և ուղարկում հարազատներին:

Թոֆիկ Ալիևը, սակայն, այդ բախտավորներից չէ: «Այստեղից մինչև մեր գյուղ` Ուջարի շրջանի Գյուլաբենդ, մոտ 150 կմ է: Եթե լինեմ այնտեղ, գյուղացիներից շատերին չեմ ճանաչի: Կարող է` եղբորս երեխաներին էլ չճանաչեմ»,- հուզված պատմում էր նա: Ասկերանցի բժիշկ Թաթուլ Շեկյանը երկար տարիներ աշխատել է շրջանային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ, հետո երեք տարի` որպես Ասկերանի քաղաքապետ: Նա շատ լավ է ճանաչում Ալիևներին, ովքեր քաղաքում հաստատվել են 1966-ին:

«Մինչև պատերազմը մեր շփումը այնքան էլ հաճախ չէր, միայն ամեն օրվա բարևը կար: Պատերազմի տարիներին Վալյայի հետ աշխատեցինք, դրանից հետո ավելի շատ սկսեցի շփվել: Թոֆիկը շատ պարզ, հրաշալի, աշխատասեր անձնավորություն է: Ես այս ընտանիքին օգնում էի նաև, որպեսզի միայնակ չզգան»,- ասաց Շեկյանը:

Ալիևների տանը հեռախոս չկա: Տիկին Վալյան դա արդարացված է համարում. «Ի՞նչ ենք անելու հեռախոսը: Ո՞ւմ հետ խոսենք, ոչ մեկը չունենք»: Նրա հայրը և մայրը վաղուց չկան, ունեցել է մեկ եղբայր, որը երիտասարդ տարիքում դժբախտ պատահարի զոհ է դարձել Տաշքենդում:

Ալիևների ընտանիքը գոյատևում է պետությունից ստացվող թոշակով: Նրանք նաև մի կտոր հող ունեն, բայց տարիքի պատճառով այլևս դժվարանում են մշակել: Ասկերանից նրանք ուրիշ տեղ չեն գնում: Թոֆիկ Ալիևն ասաց, որ տարիներ առաջ մի քանի անգամ եղել է Ստեփանակերտում, իսկ Երևանում երբեք չի եղել:

Շփման գծի այն կողմում հարազատներին թողած մարդիկ` լինեն հայ թե ադրբեջանցի, գրեթե նույն կերպ են վերաբերվում պատերազմին, կյանքին, ապագային: Մեծ հաշվով` պատերազմը տակնուվրա է արել նրանց կյանքը:

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում բնակվող 60-ամյա ադրբեջանուհի Էլմիրան հավասարապես տուժել է և´ ադրբեջանցիներից, և´ հայերից: Մոտ 40 տարի առաջ իր հարազատ Բաքվում նա ծանոթացել է ապագա ամուսնու` Սլավիկի հետ, ամուսնացել ու տեղափոխվել է Բերդաշեն:

Ինչպես Թոֆիկը, Էլմիրան ևս ոչ մի հայերեն բառ չգիտեր, երբ հաստատվում էր Լեռնային Ղարաբաղում: Հիմա հրաշալի խոսում է Արցախի բարբառով, գուցե ավելի մաքուր, քան շատ արցախցիներ, որոնք շատ են ռուսերեն բառեր կամ վերջավորություններ օգտագործում:

Էլմիրայի մայրը դեմ էր, որ 17-ամյա աղջիկն ամուսնանա հայի հետ: Էլմիրան ինքը սկզբում չէր իմացել, որ այն տղան, որը Բաքվի կինոթատրոններից մեկում հնդկական ֆիլմեր էր ցուցադրում և որին ինքը պիտի սիրահարվեր, հայ է: Նա այսօր էլ չի ափսոսում, որ ամուսնացել է Սլավիկի հետ, թողել Բաքուն և հաստատվել է հեռավոր լեռնային այս գյուղում` Բերդաշենում: Բայց նա նեղացել է իր ճակատագրից:

«Հինգ երեխա ենք ունեցել: 17-ամյա աղջկաս մի հայ երիտասարդ սպանեց խանդի հողի վրա: Տղայիս սպանեցին ադրբեջանցիները` պատերազմի տարիներին: Այս պատերազմը փոխեց իմ կյանքը»:

Տիկին Էլմիրան Կարմիր խաչի միջոցով ժամանակ առ ժամանակ նամակներ է փոխանակել Բաքվում բնակվող քույրերի հետ: Այդ նամակներից է իմացել, որ մահացել է մայրը: Այդ նամակներից է իմացել, որ ավտովթարից մահացել է քույրերից մեկի որդին:

Ամիսներ առաջ «Ինտերնյուսը» մի ֆիլմ է նկարահանել այս ընտանիքի մասին: Այնտեղ օգտագործվել են դրվագներ հնդկական սիրային այն ֆիլմերից, որոնք ժամանակին Սլավիկն իր ապագա սիրուն` 17-ամյա ադրբեջանուհի Էլմիրայի ու մյուսների համար ցուցադրում էր Բաքվում:

«Մեր կյանքն էլ է կինո»,- ասում ու բարի ժպտում է կյանքի դաժան հարվածներ ստացած կինը:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ, Հատուկ «Մեդիալաբի» համար

© Medialab.am

Հոդվածը պատրաստվել է «Եվրասիա. Համագործակցություն» հիմնադրամի` (ԵՀՀ) Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում:

Handful Azeris in Artsakh mountains eng

Handful Azeris in Artsakh mountains rus