«Իրանցիների գալով՝ լուծվում է պատվաստման գործընթացի հասանելիության և զբոսաշրջության հարցը»․ Նարեկ Վանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը

– Պարո՛ն Վանեսյան, Իրանի քաղաքացիների հոսքը Հայաստան՝ համավարակի դեմ պատվաստվելու նպատակով, գնալով ավելանում է։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Առողջապահության համակարգը պատրա՞ստ է սրան։

-Համավարակի դեմ տարվող պայքարի շրջանակներում, չնայած սկզբնական շրջանում քննարկվում էր, որ պայքարը պատշաճ չի կազմակերպվում, համենայնդեպս, այսօր կարող ենք ասել, որ համավարակի դեմ տարվող պայքարը՝ թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, լավագույն դիրքեր է ամրապնդել մեր երկրի համար, եթե համեմատենք հարևան երկրների հետ։

Իրանցիների գալով երկու հարց է լուծվում․առաջինը առողջապահական հարցն ու հասանելիությունն է, այսինքն՝ մեր պատվաստման գործընթացը հասանելի է դառնում ՀՀ ժամանող քաղաքացիներին։ Երկրորդը տուրիզմի զարգացման բաղադրիչի նշույլներն են, որը հաստատ իր ազդեցությունը կունենա սպասարկման ոլորտի վրա։

Պետք է նկատենք, որ Իրանը որոշակի քաղաքական խնդիրներ ունի պատվաստանյութեր ձեռք բերելու ու պատվաստման գործընթացը կազմակերպելու մասով, որովհետև մուսուլմանական երկրներում՝ կապված կրոնի ենթատիպից, կան որոշակի սահմանափակումներ որոշակի խմբերի մոտ, ինչը սեփական երկրում պատվաստվելու համար խնդիր է ստեղծում։

Այս հանգամանքից ելնելով՝ Ռուսաստանը COVID զբոսաշրջության անվան տակ բացել է իր դռները մուսուլմանական երկրների, հատկապես արաբական երկրների համար։

Վստահ եմ, որ այս գործընթացը մեր երկրի վրա դրական ազդեցություն կունենա: Բայց կարծում եմ՝ պետք է ուսումնասիրել դրսի այն երկրները, որտեղ կան պատվաստվելու սահմանափակումներ կամ պատվաստանյութի անհասանելիություն և համարձակորեն հնարավորություն տալ այդ երկրների քաղաքացիներին ՀՀ գալ, հանգստանալ և բուժվել։

Եթե քաղաքական որոշում լինի այս կամ այն երկրից զբոսաշրջիկներ մեր երկիր բերել, ապա դա նաև տնտեսական առումով ձեռնտու կլինի։

– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանն ի վիճակի՞ է պատշաճ մակարդակով իրականացնելու իրանցիների պատվաստումը։ Մյուս կողմից՝ այսքան մեծ ներհոսքը վարակի բռնկման նոր ալիքի ռիսկեր չի՞ կարող պարունակել։

-Այսօր մեր երկիրը շատ ավելի պատրաստ է Իրանի քաղաքացիներին՝ առողջապահական տեսանկյունից ընդունելու առումով, քան համավարակի սկզբնական շրջանում։ Եթե նայենք սոցիալ-մշակութային առանձնահատկությունները, ապա տարիներ շարունակ իրանցիները, հատկապես իրենց կրոնական տոների ժամանակ, եկել են, մեր երկրում ժամանակ անցկացրել, գնացել։ Այսինքն՝ թե՛ մենք ենք իրենց հարմարված, թե՛ իրենք մեզ։

Քանի որ Հայաստան ժամանած բոլոր մարդիկ նմուշառվում են, բնականաբար, եթե թեստը դրական է, նրանք հոսպիտալացվում են։ Այսինքն՝ առավելագույն ֆիլտրացիա գնում է։ Մեկ խնդիր կա, որ իրենք չվարակվեն մեր երկրում, այսինքն՝ ռիսկը նրանց համար էլ կա, բայց երբ նրանք գալիս են ու միանգամից գնում պատվաստման, այդ առումով խնդիր չկա։

– Պարո՛ն Վանեսյան, ճիշտ չէ՞ր լինի, որ իրանցիները պատվաստվեին ինչ-որ պոլիկլինիկայում, որպեսզի այդ շարժական կետերում այդքան հերթեր չգոյանան ու չհարուցեն Հայաստանի քաղաքացիների դժգոհությունը, ինչն արդեն նկատելի է սոցիալական հարթակից։

– Մոտեցման խնդիր է։ Երբ այդ շրջիկ կետերը հայտնվեցին Երևանում, ինձ համար մի քիչ տարօրինակ էր, բայց այն համարձակ քայլ էր, ու ամբողջ աշխարհն էր գնում դրան։ Այս պարագայում եկեք չդիտարկենք՝ այդ շրջիկ կետի մոտ սպասող քաղաքացին հայաստանցի՞ է, թե՞ իրանցի։

Այդ շրջիկ կետերի գործունեությունն ավելի արդյունավետ է, որովհետև երբ իրանցիները ինչ-որ տեղ են գնում և տեսնում, որ այդտեղ կարող են պատվաստվել, վարքագծային առումով ավելի ազատ ու անվտանգ են զգում և ավելի հեշտ են գնում պատվաստման քայլին։

Սա չի նշանակում սակայն, որ մեր առողջապահության պահպանման առաջին օղակները չունեն պատվաստելու հնարավորություն, բայց Իրանի քաղաքացիների պատվաստումն իրականացվում է բացառապես շրջիկ կետերում, հավանաբար որպեսզի նաև կոնտակտ չլինի մեր բուժհաստատությունների հետ։

Եթե մեզ համար Իրանի քաղաքացիների պատվաստումն առաջնային խնդիր է դառնում թե՛ տնտեսության, թե՛ բժշկական զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, ապա պետք է ուսումնասիրվեն իրանցիների վարքագծային հատկությունները, և գուցե այդ պարագայում պատվաստումն իրականացվի արդեն որևէ պոլիկլինիկայում։

– Ստացվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգը, եթե անգամ իրանցիների հոսքը շարունակի աճել, պատրա՞ստ է նրանց բոլորին ապահովել պատվաստման պատշաճ մակարդակով, պայմաններով։

– Ես տեղյակ եմ, որ այդ շրջիկ կետերը սահմանափակ թվով են պատվաստումներ իրականացնում, եզրակացնում եմ, որ դա Հայաստանի և Իրանի պետական ցամաքային և օդային սահմանից վերցրած տեղեկատվության հիման վրա է արվել։

Եթե կա այդ սահմանափակումը, նշանակում է՝ այդ թվերը առայժմ վերահսկելի են, եթե վերահսկելի են, նշանակում է՝ ոլորտը պատրաստ է։ Չեմ կարծում, թե այս պահին նրանց թիվն այնքան մեծ է, որ մեր առողջապահության համակարգն ի վիճակի չլինի դիմակայել։

– Պարո՛ն Վանեսյան, հնարավո՞ր է Հայաստանում այս հանգամանքը բժշկական զբոսաշրջություն ունենալու հիմք լինել։

– Եթե չլինեն պետական համընդհանուր աջակցություն և պետական քաղաքականություն, ենթադրենք՝ այս COVID զբոսաշրջության զարգացման մասով, որը բժշկական զբոսաշրջության բաղադրիչ է, ապա լուրջ բաներ ակնկալել պետք չէ։

Պետությունը պետք է վերլուծի այն երկրները, որտեղից հնարավոր է բժշկական զբոսաշրջությամբ զբոսաշրջիկ բերել, ու այդ երկրի քաղաքացիներին տրվեն արտոնություններ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am