Հակամշակույթը. ողբերգության դարձերեսը

07-07-2019
Հակամշակույթը. ողբերգության դարձերեսը

Երբ մենք արտաբերում ենք մշակույթ եզրույթը, շատ հաճախ ընկալում ենք դրա նեղ իմաստներից մեկը՝ կինո, թատրոն, նկար, երգ և այլն: Մշակույթի վերաբերյալ կան հարյուրավոր սահմանումներ, հազարավոր մեկնություններ և բացատրություններ: Այդ բազմաթիվ սահմանումների և մեկնությունների մեջ կա տարածված մեկը, որն ասում է, թե ամեն ինչը մշակույթ է: Եթե այս միտումն ենք դնում որպես հետագա տեքստի անկյունաքար, ապա ամեն ինչ դառնում է մշակույթ: Մեր վարքագիծը, միմյանց հետ շփվելը, սնվելը, հագնվելը, լսելը, հարաբերվելը, հանրային տարածքներ բաժանելը, կառուցելը, վարելը և, ընդհանրապես, մարդկային կենսագործունեությանն ուղղված և դա ամբողջացնող երևույթների շարքը մշակույթ է:

Տիեզերքը կառուցիկ է իր հակադրությունների մեջ: Ուստի, եթե կա մշակույթ, ապա կա նաև հակամշակույթ: Այս վերջինը ևս ունի իր բացատրությունները և մեկնաբանությունները: Սակայն հետագա քննարկվելիք նյութի պարագայում տիեզերքի կառուցիկությունը խախտվում է: Հակամշակույթը դառնում է անարգանք այդ համակեցության նկատմամբ:

Տեղի ունեցավ ողբերգական վթար, որը խլեց վեց մարդու կյանք: ՀՀ քաղաքացիների հետ ողբերգական ելքով պատահար տեղի ունեցավ Վրաստանում: Երեք մարդու անդառնալի կորուստ: Գրեթե չկա օր, որ մենք չլսենք ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի մասին: Մարդիկ կարեկցում են, ազնվորեն՝ տխրում, ափսոսանք հայտնում:

Սակայն մենք երբեք չենք զգում այդ ամենը ողջ խորությամբ, եթե այն ուղիղ աղերս չունի մեր, մեր մերձավորի, ազգականի կամ բարեկամի հետ: Ու այսպես շարունակ, հետևություններ չանելով կամ դատողությունները թողնելով ֆեյսբուքյան մակարդակում, անցնում ենք առաջ: Ցավոք, ողբերգությունները դառնում են վիճակագրություն, լուծումները՝ անհրաժեշտություն:

Մենք շատ չենք: Մենք չենք կարող մեզ մահանալու «ճոխություն» թույլ տալ՝ մշակույթի բացակայության պատճառով: Կսպառվենք: Սպառումը կլինի անժամանակ: Դեռ որքան պետական ու ազգային երազանքներ ունենք: Իսկ դրանց իրագործման համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացի: Քաղաքացի, որը մշակույթի կրողն է: Քաղաքացի, որը հակամշակույթ չէ: 

Շատերը քննարկեցին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը: Փնտրեցին ու գտան մեղավորներ: Հատկապես, որ այս ողբերգությունները պատմություն ունեին: Պատմություն, որը, ցավոք, կրկին դարձել էր վիճակագրություն:

Ես այս ողբերգությունների մեծ մասի հիմքում տեսնում եմ մշակույթի բացակայությունը: Ամեն օր աճող ու իր հիվանդ ճյուղերով խեղդող հակամշակույթը:

Հակամշակույթի կրողները վխտում են ամենուր: Նրանք հոշոտում են մշակույթը, բերում են սեփական դաշտ՝ ամեն ինչ ոչնչացնելու մոլուցքով: Հակամշակույթ է «հաբռգած լակոտը», հանդիպակացով վայրենաբար սլացողը, հարբած ղեկին նստածը, մարդկային համակեցության տարրական կանոններ չպահպանողը, յուրայինի ու այլոց կյանքի վրա թքած ունեցողը: Իսկ նրանք այդպիսին են, որովհետև նրանց կենցաղում փոխանցել են այդ հակամշակույթը:

Նրանց ոչինչ չարած կամ, ավելի շուտ՝ հանրության համար տզրուկ դարձած ու հանրային բարիքի արյունը ծծած նախնիները կատարելագործել ու ներդրել են այդ հակամշակույթը: Անարժաններին մեքենա տալուց առաջ մշակույթ չեն տվել: Ցավոք, մշակույթ չի տվել նաև պետությունն իր կարևորագույն համակարգով՝ դպրոցով:

Եթե ուշ հասկանանք սա, եթե երեկ չսկսենք սա փոխել, վաղը ուշ է լինելու:

Հակամշակույթ է նաև քաղաքական բորենիների այն ցեղը, որը մարդկային զոհերն ու ցավն օգտագործում է իր քաղաքական նպատակահարմարության համար: Հակամշակույթ է նաև լայքահենների սնանկ նախիրը, որը ոչնչից չի խորշում:

Կամ մենք «կսպանենք» հակամշակույթը, կամ այն կոչնչացնի մշակույթը՝ մեզ: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am