«Եզդի ժողովրդին պետք է նաեւ ռազմական օգնություն տրամադրել». Իրաքում ծավալվող ողբերգական իրադարձությունների շուրջ

«Եզդի ժողովրդին պետք է նաեւ ռազմական օգնություն տրամադրել». Իրաքում ծավալվող ողբերգական իրադարձությունների շուրջ
«Եզդի ժողովրդին պետք է նաեւ ռազմական օգնություն տրամադրել». Իրաքում ծավալվող ողբերգական իրադարձությունների շուրջ

Հայաստանը՝  որպես ցեղասպանված ժողովրդի պետություն  պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի Իրաքի եզդիների խնդրով, մինչդեռ Հայաստանի իշխանությունների գործողություններն այս հարցում բավարար չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Իհարկե, Հայաստանի կառավարության եւ հատկապես արտգործնախարարության գործողություններն անբավարար եմ գնահատում ստեղծված իրավիճակում, որովհետեւ մենք որպես պետություն, որը ներկայացված է ՄԱԿ-ում, պետք է խնդիրը դիվանագիտական խողովակներով բարձրացնի միջազգային ատյաններում»,-«Մեդիալաբին» ասում է Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ եզդի ժողովրդի համար օրհասական իրավիճակ է ստեղծվել Իրաքի հյուսիսում: Իսլամիստ ծայրահեղականները զանգվածաբար չնչացնում են իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, որոնց մեծ մասը եզդի ազգաբնակչությունն է:

Հայաստանում եզդիների իրավունքներով զբաղվող չորս կազմակերպություններ ավելի վաղ դիմել էին  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան՝ Զոհրապ Մնացականյանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հարցը  բարձրացնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին հորդորելու ՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:

Հայաստանի արտգործնախարարությունը Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել, իսկ կառավարությունը որոշում էր ընդունել արտգործնախարարությանը 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել՝  Իրաքում ներքաղաքական բախումների արդյունքում տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով: 

ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ընդունել եզդի փախստականներին: 

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը շատ կարեւոր է համարում Հայաստանի եւ ԼՂ հանրապետությունների արձագանքը:

Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում Իրաքի եզդիների հետ, ծանրագույն հանցագործություն է ոչ միայն եզդի ժողովրդի, այլեւ ողջ մարդկության նկատմամբ: 

«Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է արել, որ իր նեղ միջոցներից գումար է հատկացրել եզդի ժողովրդին: Շատ կարեւոր է, որ մենք լինենք մի ժողովրդի կողքին, որը կրում է այնպիսի զրկանքեր, որը մենք էինք կրում հարյուր տարի առաջ: Իհարկե, մենք աշխարհի հզոր պետություններին չենք պատկանում որ կարողանանք այնտեղ  զինված ուժեր ուղարկել, բայց այն, ինչ անում ենք, կարծում եմ, կնկատվի եւ կգնահատվի»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Սաֆրաստայանը:

Ինչ վերաբերվում է դիվանագիտական խողովակներով խնդիրն առաջ տանելուն, Ռուբեն Սաֆրաստայնաը կարծում է, որ Հայաստանն այս հարցում պետք է գործի մեծ պետությունների հետ միասին:

«Պարզ է , որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ ոչինչ անել չի կարող,  գուցե ուշադրություն հրավիրենք այս կոտորածի վրա»,-նշում է նա՝ հավելելով, որ մարդկությունը պետք է հասկանա, որ եթե չի դատապարտվել հարյուր տարի առաջ տեղի ունեցած առաջին ու ամենակազմակերպված ցեղասպանությունը,  մենք պետք է պատրաստ լինենք, որ  նման հանցագործություններ ը կկրկնվեն եւ այսօր, եւ վաղը:

Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, Իրաքում տեղահանվել է ավելի քան 850 հազար մարդ:

Զարուհի Փոստանջյանն ակնհայտ է համարում, որ Իրաքում տեղի ունեցածը Ցեղասպանություն է, որին 21-րդ դարում մարդկությունը կարողացավ հետեւել համացանցի միջոցով:

Ըստ Փոստանջյանի, Հայաստանն պետք է պետական մակարդակով ՝ օգտագործելով իր  բոլոր հնարավորությունները, մինչեւ անգամ զինված ուժեր ուղարկելով, աջակցի եզդի ժողովրդին:

«Մենք պետք է հասկանանք եւ գիտակցենք , որ այն ինչ հարյուր տարի առաջ տեղի էր ունենում հայ ժողովրդի հետ, այսօր տեղի է ունենում մեր աչքի առջեւ եւ հենց լռությունն է, որ  չի կանխարգելում ցեղասպանությունները նաեւ արդի ժամանակաշրջանում: Տվյալ պարագայում մենք՝ որպես պետություն, պետք է հնարավորինս գործի դնենք դիվանագիտական մեր բոլոր միջոցները : Նաեւ շատ կարեւոր է ռազմական օգնություն տրամադրելը»,- Մեդիալաբին» ասում է Զարուհի Փոստանջյանը:

Ըստ պատգամավորի, ղարաբաղյան ճակատում վերջին զարգացումները ցույց տվեցին, որ  ցանկացած բնիկ ժողովուրդ պետք  ունենա իր պետականությունը եւ առաջին հերթին  ազգային բանակն է, որ պաշտպանում է տվյալ ժողովրդին:

«Եզդի ժողովուրդն այսօր չունի իր բանակն ու պետությունը եւ ցեղասպանության է ենթարկվում: Տվյալ պարագայում մենք որպես պետություն պետք է հնարավորինս գործի դնենք դիվանագիտական մեր բոլոր միջոցները կարծում եմ նաեւ շատ կարեւոր է ռազմական օգնություն տրամադրելը»,-ասում է Զարուհի Փոստանջյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am